Պետությունից ոչ մի աջակցություն չենք ստացել, ոչ մի ծրագրից չկարողացանք օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Պարետի որոշմամբ՝ մարտի 21-ից չեն գործում խաղատները։ Խաղատներից մեկի աշխատակից Գարիկ Կիրակոսյանը արդեն մոտ 3 ամիս է չի աշխատում։ Նա այսօր եկել էր Կառավարության շենքի դիմաց՝ իր բողոքի ձայնը բարձրացնելու, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին ակցիա իրականացնել։

«Պետությունից ոչ մի աջակցություն չենք ստացել, ոչ մի ծրագրից չկարողացանք օգտվել։ Այո, գործատուն մեզ օգնել է չաշխատած ժամանակ, բայց նա միշտ չի կարող եկամուտ չունենալու դեպքում մեզ օգնել։ Բացի այդ, մենք ձրիակեր չենք և իմ խնդրանքն է, որ պարետը թույլ տա մեզ աշխատել»,- ասաց քաղաքացին։

Գարիկ Կիրակոսյանի խոսքով՝ խաղատների և ակումբների 1000-ից ավելի աշխատակիցներ իր կարգավիճակում են, բայց քանի որ երկրում արտակարգ դրություն է, չեն կարողացել բոլոր մասնակցել ակցիայի․ «Ես լիազորված եմ 1000-ից ավելի աշխատողների անունից խոսել»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ բարերը, ակումբները, խաղատները և այլ օբյեկտներ ժամանակավոր փակվել էին։ Խաղատների գործունեությունը դեռևս թույլատրված չէ, իսկ ակումբները գործում են մասամբ։ Օրինակ, բարերի և խմիչքների մատուցման համանման կետերում բացառվում են ուղեկցող ֆոնային երաժշտությունից զատ կենդանի կամ վերարտադրված երաժշտության մատուցմամբ կատարումները, ինչպես նաև՝ սոցիալական սերտ շփում ենթադրող այլ միջոցառումները, այդ թվում՝ պարերը, ժամանցի և զվարճանքի այլ գործողությունները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում