Արցախում 2020թ. բերքի տակ մշակվել է ավելի քան 88 հազար հեկտար տարածք

Արցախում 2020 թ. բերքի տակ մշակվել է ավելի քան 88 հազար հեկտար տարածք

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին բերքահավաքին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման նախարարները, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը և շրջվարչակազմերի ղեկավարները:

Զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը: Նա մասնավորապես նշել է, որ 2020 թ. բերքի տակ մշակվել է ավելի քան 88 հազար հեկտար տարածք: Մշակված ավելի քան 70 հազար հեկտարի վրա ցանվել է աշնանացան հացահատիկ, իսկ շուրջ 17 հազար հեկտարի վրա՝ գարնանացան տարբեր մշակաբույսերի ցանքսեր:

«Այս պահի դրությամբ կատարվել է 7090 հա ցանքս՝ հեկտարից միջինը 16,8 ցենտներ բերքատվությամբ: Դաշտերում հացահատիկահավաք կոմբայնների և մեքենաների խնդիր չկա: Գարու գինը մեկ կիլոգրամի դիմաց գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում սահմանված է 100 իսկ պարտավորությունների դիմաց 105 դրամ, որը երկու դեպքում էլ նախորդ տարվա համեմատ ավել է 5 դրամով», – ասել է Ա. Բախշիյանը:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի զեկուցման համաձայն՝ դաշտերում բոլոր անհրաժեշտ հատվածներում տեղադրված են հրշեջ կետեր, որոնք շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: Բոլոր հերթապահ խմբերն, ըստ Սարգսյանի, ապահովված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով և հնարավոր հրդեհների դեպքում պատրաստ են արագ և օպերատիվ արձագանքելուն:

Նախագահը դրական է գնահատել բերքահավաքի կազմակերպման մեկնարկային փուլի աշխատանքները և այն պատշաճ շարունակելու համար տվել է մի շարք հանձնարարականներ: Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգը, կարճ ժամանակահատվածում պետք է ստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի հնձի աշխատանքներում ներգրավված բոլոր անձինք խիստ կերպով հետևեն սահմանված կանոններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում