Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես մտադրություն չունի դատական գործընթացը խոչընդոտելու. Հայկ Ալումյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես մտադրություն չունի դատական գործընթացը խոչընդոտելու. Հայկ Ալումյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՍեդա Սաֆարյանի կողմից այսօր ես մեղադրանք չլսեցի: Դատավարության ընթացքի հետ կապված նոր բան ասել չեմ կարող: Իմ տպավորությունն այն է, որ դատավորն աշխատում է դետալային ամեն ինչ հասկանալ: Այս մասին այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

«Մենք ասում ենք, որ հինգ ամիս և մեկ օր պարոն Քոչարյանը գտնվել է ազատության մեջ և եթե դատական գործընթացը խոչընդոտելու մտադրություն ունենար, ապա այդ մտադրությունը ինչ-որ կերպ կդրսևորվեր այդ ընթացքում: Դատախազն այլ բան ասաց, ասաց՝ քանի որ այդ ընթացքում պաշտպանները բողոքարկումներ են ունեցել, Քոչարյանը, եթե ուզեր էլ խոչընդոտել, կաշխատեր դա չանել, որպեսզի վերադաս ատյանը այդ ակտը չվերացնի, բայց դատախազների այս խոսքերը կարող են նրանց դիրքորոշմանը հակառակ աշխատել»,- ասաց նա:

Ալումյանի խոսքով՝ գլխավորն այն է, որ Քոչարյանն ընդհանրապես մտադրություն չունի խոչընդոտելու:

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին Ռ․ Քոչարյանի կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։

Նշենք նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում