ԵՄ դատարանն ապօրինի է ճանաչել Հունգարիայի ընդունած` Սորոսի դեմ պայքարի մասին օրենքը

ԵՄ դատարանն ապօրինի է ճանաչել Հունգարիայի ընդունած` Սորոսի դեմ պայքարի մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԼյուքսեմբուրգում գտնվող ԵՄ դատարանը հունիսի 18-ին որոշել է, որ Հունգարիան խախտել է ԵՄ օրենսդրությունն իր` ոչ կառավարական կազմակերպությունների արտասահմանյան ֆինանսավորման մասին կանոններով: Դատարանի որոշմանը ծանոթացել է «Европейская правда» հրատարակությունը:

2017-ին Հունգարիան ընդունել է օրենք, որի նպատակն էր ապահովել արտասահմանից ֆինանսներ ստացող հասարակական կազմակերպությունների թափանցիկությունը:

Համաձայն օրենքի` կազմակերպությունները պետք է գրանցվեն հունգարական դատարաններում, եթե ֆինանսավորման չափը բարձր է սահմանված սանդղակից: Գրանցվելիս նրանք պետք է նշեն նաև այն դոնորի անունը, որի աջակցությունը կազմել կամ գերազանցել է մոտավորապես 1400 եվրո գումարը, ինչպես նաև ֆինանսավորման ճշգրիտ չափը: Այս տեղեկատվությունն այնուհետև հրապարակվում է հանրությանը հասանելի էլեկտրոնային հարթակում:

Բացի այդ, համապատասխան կազմակերպությունները պարտավորվում էին իրենց էջերում տեղեկացնել, որ իրենք հանդիսանում են «դրսից ֆինանսական օգնություն ստացող կառույց»:

Քննադատներն ասում են, որ այս օրենքն ուղղված է հունգարական արմատներով ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի դեմ, որը «իր բարեգործական գործունեությամբ աջակցում է ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին ամբողջ աշխարհում»:

Դատարանի որոշման մեջ ասվել է, որ նոր կանոնները «խտրական և չարդարացված սահմանափակումներ» են սահմանում կազմակերպությունների, ինչպես նաև նրանց աջակցող անձանց համար:

Դատավորները պնդում են, որ այդ կանոնները խախտում են ԵՄ-ի`կապիտալի ազատ տեղաշարժի իրավունքը, ինչպես նաև ԵՄ-ի` անձնական և ընտանեկան կյանքի հարգանքի, անձնական տվյալների պաշտպանության և միավորումների ազատության հիմնարար իրավունքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում