Շահումյանի ճակատագիրը ցույց է տալիս, թե ինչ կարող էր լինել Լեռնային Ղարաբաղի հետ

Շահումյանի ճակատագիրը ցույց է տալիս, թե ինչ կարող էր լինել Լեռնային Ղարաբաղի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Հունիսի 13-ին լրացավ նախկին հայաբնակ Շահումյանի շրջանի կորստի և դրա հետևանքով ամբողջական հայաթափման 28-րդ տարելիցը։ Թեև օրվա ընթացքում եղան թե՛ արտգործնախարարության հայտարարությունը՝ կապված Շահումյանի բռնազավթման հետ, թե՛ հասարակական գործիչների կողմից տարբեր ելույթներ և հարցազրույցներ, այնուամենայնիվ, պետք է ևս մեկ անգամ փաստենք, որ ներկայումս Շահումյանի հարցը շատերի կողմից մոռացված է։ Ըստ էության, հասարակության մեծ մասը անտեղյակ է Շահումյանի ճակատագրից և այն երբեմն նույնականացվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հետ։ Մինչդեռ կարիք կա ևս մեկ անգամ վերհիշել, թե ինչ ճակատագրի արժանացավ երբեմնի հայաշատ շրջանը և ինչպես կարող է այսօրվա հայկական դիվանագիտությունը օգտագործել այդ փաստը։

Նախքան խորհրդային կարգերը, Շահումյանի շրջանի տարածքը մտնում էր Ռուսական կայսրության Ելիզավետպոլի գուբերնիայի համանուն գավառի մեջ։ Կովկասի խորհրդայնացումից հետո այդ տարածքը, որը նախորդ երկու տարում Մուսաֆաթական Ադրբեջանի կազմում էր, շարունակեց մնալ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ԱԽՍՀ) կազմում, իսկ 1931թ․-ին ձևավորվեց է Շահումյանի շրջանը՝ ԱԽՍՀ վարչական միավորներից մեկը։ Դեռևս 1939թ․-ի մարդահամարի տվյալներով հայերը այստեղ կազմել են ճնշող մեծամասնություն՝ բնակչության 85%-ը։ Իսկ 1979թ․-ի մարդահամարի տվյալներով հայերը կազմել են Շահումյանի շրջանի բնակչության 73%-ը։ Այսպիսով, չնայած ռուսական կայսրության փլուզմանն և խորհրդային կարգերի հաստատմանը, Շահումյանի շրջանի տարածքում հայերը շարունակել են իրենց կայուն ներկայացությունը ապահովել և չեն լքել այդ տարածքը։

Ղարաբաղյան շարժման մեկնարկին զուգահեռ սկսվեցին Շահումյանի հայության խնդիրները ադրբեջանցիների հետ։ Նախ կարևոր է արձանագրել, որ, ի տարբերություն ԼՂԻՄ-ի, որը ուներ ավտոնոմիայի կարգավիճակ, Շահումյանի շրջանը հանդիսանում էր ԱԽՍՀ վարչական միավորներից մեկը։ Սակայն հայաշատ բնակչության առկայությունը և հայ-ադրբեջանական լարվածությունը ազդեցին նաև Շահումյանի հայության ճակատագրի վրա։ Այստեղ տեղի էին ունենում գրեթե նույն գործընթացները ինչ բուն Լեռնային Ղարաբաղում․ ադրբեջանական իշխանությունից դուրս գալու համար պայքար, որը թևակոխեց ռազմական գործողությունների։ Առաջին խոշոր հարվածը Շահումյանի հայությանը 1991թ․-ի ապրիլ-մայիս ամիսներին «Կոլցո» օպերացիան էր, որի արդյունքում գրեթե հայաթափվեցին Գետաշեն և Մարտունաշեն բնակավայրերը։ Սակայն ամենամեծ հարվածը եղավ 1992թ․-ի ամռանը, երբ ադրբեջանական զորքերը գրավեցին Շահումյանը և Մարտակերտի շրջանի մեծ մասը։ Սկսած 1992թ․-ի ամռանից Շահումյանը վերջնականապես հայաթափվեց։

Ինչպես արդեն նշվեց, Շահումյանի հայությունը ոգևորված լինելով ղարաբաղյան շարժմամբ, փորձեց օգտվել առիթից և գործընթաց սկսել ԼՂԻՄ-ին վերամիավորվելու նպատակով։ 1989թ․-ի հուլիսին Շահումյանի շրջանային խորհուրդն ընդունեց որոշում` վերամիավորվել ԼՂԻՄ-ի հետ։ Իսկ արդեն 1991թ․-ի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): Շահումյանցիները մասնակցեցին նաև նույն տարվա դեկտեմբերիին կայացած ԼՂ անկախության հանրաքվեին։ Մինչ այդ 1991թ․-ի փետրվարին Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհուրդը լուծարել էր Շահումյանի շրջանը և այն մտցրել Գորանբոյի շրջանի մեջ։ Սակայն, տեղում ինքնապաշտպանական մարտերի արդյունքում հաջողվեց մինչև 1992թ-ի ամառ պահպանել ինքնուրույնությունը։

Շահումյանի շրջանը՝ որպես առանձին խնդրո առարկա. որոշ շրջան ընդգրկված է եղել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցությունների օրակարգում։ 1992թ․-ի ամռանը Շահումյանի և Մարտակերտի շրջանները անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սրան զուգահեռ Հռոմում տեղի էին ունենում բանակցություններ նոր ձևավորվող ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ 11 երկների և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բանակցությունների ընթացքում Ադրբեջանը պահանջում էր հայերից դուրս գալ Շուշիից և Լաչինից, որին ի պատասխան հայկական կողմերը պնդում էին ադրբեջանական զորքերի դուրս բերումը Շահումյանից և Մարտակերտից։ Տարածքային փոխադարձ պահանջները անգամ ստիպեցին բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Մարեսկային առանձին կազմել «շրջանների մասին ծրագիր», որը առանձին-առանձին պետք է լուծեր վեճի առարկա չորս շրջանների ճակատագիրը։ Այս ծրագիրը սակայն կյանքի չկոչվեց։ Փոխադարձ պահանջները շարունակվեցին մինչև հաջորդ տարվա գարուն, երբ հայկական ուժերի վերահսկողության տակ անցան Քելբաջարի և Մարտակերտի շրջանները։ Այնուհետև Շահումյանի մասին հիշատակումները բանակցային օրակարգում դադարեցին։

Սակայն այս հարցին անդրադարձ եղավ ավելի ուշ՝ 1997թ․-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից երեք կողմերին առաջարկված կարգավորման փաթեթային և փուլային տարբերակներում և 1998թ․-ի առաջարկության մեջ՝ հայտնի «ընդհանուր պետություն» անունով։ Փաստաթղթերում առկա ձևակերպումներից կարող ենք եզրակացնել, որ Շահումյանի շրջանը միջնորդների կողմից ընկալվել է որպես Ադրբեջանի կողմից հայաթափված տարածք, որը, թեև շարունակելու է մնալ Ադրբեջանի կազմում, սակայն հայ փախստականներին հետ վերդառնալու հնարավորություն պետք է տրվեր։ Փաթեթային տարբերակում Շահումյանի հարցը հավասարեցվում է Շուշիի խնդրի հետ՝ այս բնակավայրերում նախկինում բնակվող՝ համապատասխանաբար հայերի և ադրբեջանցիների հետ վերադարձի առումով։ Նախատեսվում էր, որ Ադրբեջանը պետք հետ քաշի իր զորքերը այստեղից և հայ բնակչությունը պետք է վերադառնա իր նախկին բնակատեղիները։ Կարգավիճակի առումով, ըստ առաջարկության, Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնիշխան միավոր լիներ Ադրբեջանի կազմում, ինչը չէր վերաբերում Շահումյանի կարգավիճակին, որը մնալու էր Բաքվի ուղղակի իշխանության ներքո։ Փուլային տարբերակում Շահումյանի շրջանը առավել մեծ համատեքստում է դիտարկվում։ Ինչպես հայտնի է, այս փաստաթուղթը ենթադրում էր թողնել ԼՂ կարգավիճակը հետագա բանակցություններին և սկզբում լուծել զինադադարի ամրապնդման և տարածքների վերադարձի հարցերը։ Ըստ այդմ, Շահումյանի կարգավիճակի հարցը ԼՂ-ի, Լաչինի և Շուշիի կարգավիճակի հետ միասին թողնվում էր ապագային։ Բացի այդ Ադրբեջանը պետք է հետ քաշեր զորքերը Շահումյանից, իսկ հայ բնակչությունը վերադառնար իր նախկին բնակավայրերը։ Բնակչության վերադարձի հարցը նմանապես արձանագրվում է նաև 1998թ․-ի առաջարկության մեջ, որտեղ խոսվում է ոչ թե Շահումյանի շրջանի, այլ Շահումյան քաղաքի մասին (նախկին շրջկենտրոն)։ Կարգավիճակի առումով շրջանը մնալու էր Ադրբեջանի կազմում։

Այս շրջափուլից ի վեր Շահումյանի շրջանի հարցը՝ որպես առանձին բանակցային առարկա տեղ չի գտել պաշտոնական փաստաթղթերում։ Հաշվի առնելով նախկին հիշատակումների համատեքստը՝ այն դուրս է մղվել Շուշիի հարցին զուգահեռ և, ըստ երևույթին, կողմերը համաձայնվել են չբարձրաձայնել այդ հարցերը որպես առանձին խնդրո առարկաներ։ Բացի այդ, հայկական դիվանագիտության առաջնային նպատակը եղել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն ու իրականացումը, իսկ առանձին Շահումյանի հարցը կդժվարացներ այդ նպատակին հասնելը։ Բացի այդ, այստեղ այլևս հայեր չէին ապրում, որոնք կարող էին շարունակել իրենց պայքարը ինքնորոշվելու առումով։ Փոխարենը Շահումյանից բռնի ուժով հեռացված հայերը ունեն փախստականի կարգավիճակ և Բաքվի, Կիրովաբադի ու ադրբեջանական այլ բնակավայրերից գաղթած հայերի հետ միասին կազմում են հայ փախստականների ամբողջությունը։

Այդուհանդերձ, հայ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բազմիցս բարձրացվել է Շահումյանում էթնիկ զտումների և Ադրբեջանի կողմից բռնազավթման հարցը։ Այսօր առավել քան երբևէ այս հարցի նորովի շրջանառությունը կարող է նոր շունչ ստանալ։ Մասնավորպես, վերջին շրջանում Ադրբեջանը մեծ թափով ակտիվացրել է այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի գործոնը։ Այս կերպ Ադրբեջանը նպատակ ունի թուլացնել Լեռնային Ղարաբաղի ներկայիս իշխանությունների միանձնյա լեգիտիմությունը՝ Արցախի անունից խոսելու հարցում։ Այս նախաձեռնությունը առավել ակտիվացավ, երբ հայաստանյան իշխանափոխության արդյունքում նոր կառավարությունը իր համար առաջնահերթություն սահմանեց Արցախի՝ բանակցություների սեղան վերադարձը։ Միևնույն ժամանակ, գիտակցելով Ադրբեջանի նախաձեռնության թերագնահատման վտանգները և դրան պատասխանելու անհրաժեշտությունը, հայկական կողմից նպատակահարմար չի լինի դրան հակադրվել ի դեմ Արցախի իշխանությունների, քանի որ միջազգային հանրության աչքերում երկու սուբյեկտները կդիտվեն միևնույն մակարդակում, ինչը անթույլատրելի է։

Փոխարենը ադրբեջանցիների նախաձեռնությանը կարելի է պատասխանել նմանատիպ, համայնքային ներկայացուցչության մակարդակում, ինչպիսին Շահումյանի հայությունն է։ Այստեղ կա մի քանի կարևոր հանգամանք, որը թույլ է տալիս բնակչության այս հատվածին առանձնացնել որպես համայնք։ Նախ, վերջիններս 1992թ․-ի ի վեր շարունակել են ունենալ իրենց համայնքային միասնությունը ապահովող կառույցներ և իրենց ինքնության կարևոր բաղադրիչ են համարել շահումյանցի լինելը։ Արդյունքում, ապրելով տարբեր երկներում (հիմնականում Հայաստան, Արցախ և Ռուսաստան) շարունակում են իրենց կապված զգալ երբեմնի հայրենի բնակավայրերի հետ և հուսալ վերադարձի մասին։ Սա վկայում է, որ կա Շահումյանի հայության միասնական համայնք, որը անհրաժեշտության դեպքում կարող է իր շահերը ներկայացնող մարդկանց կամ մարմիններ ընտրել։ Սրան գումարած, 1991թ․-ի դեկտեմբերին շրջանը մասնակցել է անկախության հանրաքվեին, որով ամրագրել է իր կամքը՝ ներգրավվելու անկախությունը հռչակած ԼՂՀ կազմի մեջ։ Վերջինս նույնպես խոսում է շահումյանցիների համայնքային ինքնակազմակերպման օգտին։ Նմանատիպ իրողություններ, սակայն, չենք կարող արձանագրել օրինակ Բաքվի կամ Կիրովաբադի հայության մասին։

Այսօր շահումյանցիների խնդրի արծարծումը կարող է արվել ուղղակիորեն բանակցությունների համատեքստում, և անուղղակիորեն՝ օրինակ արդեն իսկ նշված ադրբեջանական նախաձեռնությանը ի պատասխան։ Ուղղակիորեն հարցը կարող է քննարկվել ոչ միայն փախստականների հարցի շրջանակներում այլև տարածքներից զորքերի դուրս բերման համատեքստում, ինչպես արվում էր 1992թ․-ի բանակցություններում։ Թեև այս գործողությունները շոշափելի կարճաժամկետ արդյունք չեն ունենա բանակցությունների որակի վրա, բայց օժանդակող գործիք կլինեն հայ դիվանագետների ձեռքում։

Հայաստանի արտգործանախարարության վերջին հայտարարության մեջ նշված է, որ ՀՀ-ն աջակցում է Շահումյանի բռնազավթման վերաբերյալ Արցախի իշխանությունների օրինական պահանջին։ Այնուամենայնիվ այս հարցի առավել արժևորման համար առաջին հերթին անհրաժեշտ է ՀՀ արտգործնախարարության ջանքերը, քանի որ Արցախի իշխանությունները և շահումյանցիների համայնքը չունեն այն գործիքակազմը, որով կարող են առաջ մղել այս հարցը միջազգային հարթակներում։ Բացի այս, սույն հարցի ակտիվացումը պետք է նաև ուշադրության արժանանա այլ երկներում հայկական շահերը առաջ մղող կառույցների կողմից, որի նպատակը պետք է լինի միջազգային հանրության տեսադաշտում վերականգնել էթնիկական զտման արդյունում իրենց բնակավայերից դուրս քշված շահումյանցիների իրավունքերի հարցը։ Առավել ևս, որ Շահումյանի ճակատագիրը ցույց է տալիս, թե ինչ կարող էր լինել Լեռնային Ղարաբաղի հետ, եթե հայկական ուժերը հաջողության չհասնեին պատերազմում։

Հովսեփ ԲԱԲԱՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում