Բանակցային գործընթացը պատվերով համերգ չէ, խաղաղությունը ենթադրում է փոխզիջման հասնելու պատրաստակամություն. ՀՀ վարչապետ

Բանակցային գործընթացը պատվերով համերգ չէ, խաղաղությունը ենթադրում է փոխզիջման հասնելու պատրաստակամություն. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.amՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստին ներկա են նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների նախագահներ՝ Արարատ Միրզոյանը և Արթուր Թովմասյանը:

«Անցած տարվա դեկտեմբերի 23-ին մեր համատեղ նիստի ընթացքում ես առանձնահատուկ կարևորեցի Արցախում անցկացվելիք համապետական ընտրությունները: Արցախում կայացած ընտրությունները հետապնդում էին երեք առաջնահերթ նպատակ: Առաջին՝ հնարավորություն տալ Արցախի ժողովրդին մարդու իրավունքների իրացմամբ ընտրել այն իշխանություններին, որոնք կկազմակերպեն երկրի քաղաքական և հասարակական կյանքը: Երկրորդ՝ հնարավորություն տալ Արցախի ժողովրդին ընտրել այն իշխանություններին, որոնք պետք է ապահովեն իր անվտանգությունը: Հայաստանի Հանրապետությունը, իհարկե, կշարունակի աջակցել Արցախի իշխանություններին Արցախի բնակչությանը պաշտպանելու իրենց հանձնառության մեջ՝ շարունակելով լինել Արցախի անվտանգության երաշխավորը: Երրորդ՝ Արցախի ժողովուրդը նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է մանդատ տար իր իշխանություններին՝ ներկայացնելու Արցախը նաև բանակցային սեղանին», – ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է՝ այժմ, երբ ընտրություններն ավարտվել են, իսկ իշխանությունները ձևավորվել, պետք է փաստել, որ այս երեք նպատակները լավագույնս կատարվել են:

«Մրցակցայկին և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում Արցախն ունի իշխանություն, որն արտահայտում է քաղաքական բարեփոխումների, տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման արցախցիների ձգտումները: Ընտրությունների և դրանց հետևած իշխանությունների կազմավորման արդյունքում Արցախում տեղի ունեցավ քաղաքական ուժերի համերաշխության և համախմբման կարևորագույն գործընթաց, ինչը վստահ եմ, առավել ամրապնդեց Արցախի անվտանգությունը:

Վերջապես, ընտրություններն ընդգծեցին Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, որ առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց, քանի որ յուրաքանչյուր առաջընթացի համար անհրաժեշտ են կարևորագույն պայմանավորվածությունների ձեռքբերման և իրացման կարողություն և այստեղ է, որ Արցախի իշխանությունների ստացած ժողովրդական մանդատն անփոխարինելի է:

Արցախի իշխանությունների ներգրավումը բանակցությունների բովանդակային հարցերում օբյեկտիվ անհրաժեշտություն է, որից խուսափելն առավել կձգձգի առանց այն էլ ձգձգված հակամարտությունը: Ակնհայտ է, որ հակամարտության կողմերն ունեն իրարամերժ դիրքորոշումներ առանցաքային մի շարք հարցերում և եթե անկեղծ լինենք, ապա շատ ավելի հեշտ է ասել, որ հարցերում համաձայն չենք Ադրբեջանի հետ, քան, որ հարցերում կարող ենք համաձայնության հասնել: Նման իրավիճակն առերևույթ ունի բազմաթիվ պատճառներ, բայց եթե մի պահ փորձենք դրանք ընդհանրացնել, ապա ակնհայտ է դառնում, որ մենք բախվում ենք երկու հիմնական խնդրի», – ասել է ՀՀ վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ առաջին խնդիրը վերաբերում է Արցախի իշխանությունների հետ բանակցելու Ադրբեջանի ներկայիս իշխանությունների դժկամությանը:

«Ինչո՞ւ եմ շեշտում ներկայիս, որովհետև այս դահլիճում կան մարդիկ, որոնք ոչ միայն բանակցել, այլև փաստաթղթեր են ստորագրել Ադրբեջանի նախկին, ավելի ճիշտ այն ժամանակվա իշխանությունների հետ, ընդ որում՝ նաև Հեյդար Ալիևի նախագահության շրջանում:

Երկրորդ՝ Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական կեցվածքից և դիտարկում է խաղաղ գործընթացը որպես իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այսինքն, ոչ թե փոխզիջման հասնելու միջոց, այլ իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այդպես չի լինում և չի լինելու, բանակցային գործընթացը մեկ կամ երկու ընդմիջում ունեցող պատվերով համերգ չէ, խաղաղությունը ենթադրում է փոխզիջման հասնելու պատրաստակամություն և համապարփակ լուծումներ։ Հենց այդ պատրաստակամությունն ի նկատի ունենալով՝ ես առաջ էի քաշել այն բանաձևը, որի համաձայն՝ Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան փոխզիջման հնարավորությունն ընդունելու առաջարկ: Կրկնում եմ՝ հնարավորությունն ընդունելու առաջարկ, այլ ոչ թե կոնկրետ փոխզիջման ընդունում, որը դեռևս հեռու է ձևավորված լինելուց իմ նշած պատճառներով», – ասել է Փաշինյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում