Գեղարքունիքում կարկուտը նույնիսկ ոչխարներ է սատկեցրել

Գեղարքունիքում կարկուտը նույնիսկ ոչխարներ է սատկեցրել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում երկու օր շարունակ տեղացած կարկուտը լուրջ վնասներ է հասցրել գյուղատնտեսությանը։

Կարկտի հետևանքով բավականին լուրջ վնասներ են կրել մարզի Շողակաթ և Հայրիվանք համայնքները, ինչպես նաև Ջիլ բնակավայրը։

Շողակաթի համայնքապետ Սուլիկո Շուշանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ երկու օրվա ընթացքում կարկուտը գրեթե 100%-ով վնասել է բերքը։

«Մոտ հիսուն հեկտար տարածք ունեցող ծիրանի այգիները ոչնչացրել է կարկուտը, պտղատու այգիներ են վնասվել։ Ցանքատարածությունները, խոտարքները, տնամերձ այգիները, ամեն ինչ փչացրել է։ Տանձի, խնձորի, ծիրանի, սալորի և կեռասի բերքը ամբողջապես ոչնչացել է։ Իսկ տնամերձ հողամասերում էլ վնասվել են այն մշակաբույսերը, որոնք ցանել են մարդիկ՝ կարտոֆիլ, լոբի։ Ցորենի և գարու ցանքատարածություններն էլ են վնասվել»,- տեղեկացրեց համայնքնապետը։

Նրա խոսքով, համայնքում հատվածներ կան, որ բերքը 100%-ով է ոչնչացել, հատվածներ էլ կան՝ 70%-ով։

«Բայց չկա հատված, որ վնաս կրած չլինի, մի տեղ մի քիչ շատ է խփել, մի տեղ՝ ավելի քիչ։ Դե համատարած չի խփում կարկուտը, տեղ-տեղ է խփում։ Օրինակ, Ջիլում լոբու և կարտոֆիլի բերքը 80%-ով ոչնչացել է։ Շորժայում (Շողակաթի հին անունն է) հիմնականում այգիներն ու ցանքատարածություններն են վնասվել, ցորենի ու գարու բերքն է վնասվել»,– նշեց Շուշանյանը։

Նրա խոսքով, Շորժայում կարկտի հետևանքով սատկել է նաև 10 գլուխ ոչխար, կենդանիները դաշտում են մնացել և կարկտի ժամանակ սատկել են։

Հայրավանքի համայնքապետ Սասուն Համբարձումյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ մոտավորապես 40 րոպե տեղացած կարկուտը հողին է հավասարեցրել գարու և ցորենի դեռևս հասկ չդարձած ծիլերը։

«Ամբողջ համայնքի տարածքով համատարած կարկուտ է տեղացել, դեռ հաշվարկներ չենք կատարել՝ որքան վնաս է կրել համայնքը, բայց գարու ու ցորտենի դաշտերը կարկուտն ամբողջությամբ «հնձեց»։ Իսկ պտղատու ծառերի ու մյուս մշակաբույսերի վնասներ կարելի է ասել չեն եղել, քանի որ կարտոֆիլը դեռ չի ծլել, ծառերն էլ դեռ պտուղ չունեն»,- ասաց նա։

Գեղարքունիքի մարզպետարանից մեզ հայտնեցին, որ կարկտի պատճառած վնասների մասին կխոսեն երկուշաբթի օրը, երբ վնասը գնահատող համայնքային հանձնաժողովները ուսումնասիրություն անցկացնեն և տվյալներ հաղորդեն։

«Հանձնաժողովները պետք է ուսումնասիրություններ անցկացնեն այն համայնքներում, որտեղ կարկուտ է տեղացել, և ըստ այդմ հասկանան՝ արդյո՞ք համայնքը համարվում է կարկտից տուժած, թե՝ ոչ»,- ասացին մարզպետարանից։

Հարցին՝ արդյո՞ք մարզը հակակարկտային կայան չունի, մարզպետարանից պատասխանեցին՝ ոչ.

«Մարզը տիրույթ, այսինքն՝ հարթ մակերես չունի, որը մեկ կայանը կկարողանա ծածկել և այդ պատճառով մի քանի կայանի անհրաժեշտություն կա։ Հարցը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է, դիմում է ներկայացվել կառավարություն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում