Ցավալի էր այս «փոխհրաձգությունում» տեսնել Արցախի նախագահին․ Տիգրան Աբրահամյան

Ցավալի էր այս «փոխհրաձգությունում» տեսնել Արցախի նախագահին․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՆերկայացնում ենք «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում նա անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ օրերս Հանրայինն ՀԸ-ում արած հայտարարությանը 2016-ի ապրիլյան գործողությունների վերաբերյալ։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին, անդրադարձել ադրբեջանական բանակը պայմանագրային անձնակազմով համալրելուն, նոր սպառազինությունների ձեռք բերմանը, ՀՕՊ համակարգերի մարտունակությանը, խոսել ապրիլյան մարտական գործողությունների որոշ դրվագների մասին: Ընդհանուր առմամբ հարցազրույցը բավականին թույլ էր, լուրջ մեսիջներ չէր պարունակում: Կային որոշակի հատվածներ, որոնք ուշադրության տակ պահելու անհրաժեշտություն ունեին, բայց ընդհանուր առմամբ, հարցազրույցում պրիմիտիվ քարոզչության գործոնն ավելի մեծ էր:

Վերջինս որոշ «մանրամասներ» է ներկայացրել առաջնագծի հայկական հատվածի տեխնիկական հագեցվածության, հնարավորությունների և մարտավարական փոփոխությունների մասին, ինչից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը իրականում կամ չի տիրապետում կամ մասնակի՝ խիստ վերապահումներով է տիրապետում առկա իրավիճակին և մասնավորապես, մեր պաշտպանական հնարավորություններին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ հայկական զինուժի մասին հնչեցված հայտարարությունների մի հսկայական մասը, իհարկե, քարոզչական բնույթի է, սակայն այդ հայտարարություններին առավել լուրջ կշիռ հաղորդելու համար Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են դրանք մատուցել որոշակի փաստական լրացումներով:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը հետաքրքիր փաստեր է փոխանցում Ադրբեջանի հետախուզության որակի մասին, սակայն այս իրավիճակում միշտ պետք է հիշել, որ փաստերի հավաքագրման միակ աղբյուրը ադրբեջանական հետախուզական միջոցները չեն:

Այս տեսանկյունից շատ կարևոր է հասկանալ, թե ինչ տեղեկատվություն ենք մենք փոխանցում Ադրբեջանին: Խոսքն առաջին հերթին վերաբերվում է պաշտոնատար անձանց, բարձրագույն զինվորական կազմին, առավել ևս՝ պետության ղեկավարներին:

Մեզնից 4 տարի պահանջվեց՝ կոտրելու, չեզոքացնելու ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում և դրան հետևած ժամանակահատվածում ստեղծված միֆերը, որոնք մեծ վնաս էին հասցնում զինված ուժերին և բնականաբար նաև մեր պետականությանը: Այն սպառնալիքները, որոնք տեղեկատվական դաշտում ստեղծվել էին 2016 թվականից հետո, տրանսֆորմացվեցին և տեղեկատվական ռիսկերից վերածվեցին անվտանգության լուրջ սպառնալիքների:

Այն իրավիճակում, երբ թվում էր, որ 2016 թվականի ապրիլյան գործողությունների այդ բլոկն արդեն թեմատիկ առումով սպառված է՝ ամեն ինչ խոսվել է, պարզաբանվել և այլն, անհասկանալի հանգամանքներում թեման վերաբացվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Չեմ ուզում միանշանակ պնդել, որ Արցախի նախագահը նպատակ է ունեցել այս թեման կրկին վերաբացելու, դրան նոր թափ հաղորդելու, սակայն ստացվեց այն ինչ ստացվեց: Իմ համար որպես Արցախի նախկին պաշտոնյայի, ում գործառութային հիմնական ուղղությունն եղել է անվտանգությունը, խիստ ցավալի էր այս «փոխհրաձգությունում» տեսնել Արցախի նախագահին, բայց միաժամանակ հասկանում եմ, որ հնչեցվել էր հայտարարություն, որը չէր կարող սահուն հոսել հայաստանյան, առավել ևս՝ ադրբեջանական լրահոսում:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բավականին կոշտ արձագանքեց, ինչը սպասելի էր, թեմայի շուրջ պարզաբանում տվեց և ըստ էության իր անհամաձայնությունն արտահայտեց նաև ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը:

Այս թեմայի շուրջ Արայիկ Հարությունյանի կարծիքը, մեղմ ասած, որևէ ձևով չկիսելով, առայժմ զերծ կմնամ մանրամասների մեջ մտնելուց: Ամեն դեպքում հույս ունեմ, որ սա ոչ թե նպատակային հայտարարություն էր, այլ լեզվական, իմաստային, բովանադակային «կիքս», որը չնայած իր մեջ վտանգավորություն էր պարունակում, սակայն դիտմամբ չի հնչեցվել:

Միայն այս պարագայում կա հավանականություն, որ առաջիկայում հնարավոր կլինի զերծ մնալ նման անհարթություններից և Արցախի նախագահին զերծ պահել տարբեր ինտրիգներում՝ քաղաքական, քարոզչական բախումներում հայտնվելուց:

Արցախի նախագահի պաշտոնը աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայության համար լրիվ այլ դեր ու նշանակություն ունի, ինչը ենթադրում է, որ Արցախի նախագահը որպես ինստիտուտ իր առաքելությունը պետք է կրի՝ զերծ մնալով Հայաստանի ներքաղաքական հակամարտության կողմ լինելուց: Դա մեր միակ հնարավորությունն է համախմբելու, մոբիլիզացնելու համահայկական ռեսուրսն ու հնարավորությունները՝ դիվանագիտական, քաղաքական, ռազմական, տնտեսական դաշտում Արցախի համար լուրջ արդյունք ապահովելու նպատակով:

Միաժամանակ Արցախի նախագահները տարբեր ժամանակներում հայաստանյան ներքաղաքական ակտիվացումների փուլում մշտապես հավասարակշռող, համերաշխություն ապահովող գործոն է եղել, ինչը նպաստել է տարբեր իրադարձությունների «փափուկ» հանգուցալուծմանը:

Հույս ունեմ, որ այս բնույթի թեմային այլևս անդրադառնալու կարիք չի լինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում