ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը. ՈՒՂԻՂ

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԱզգային ժողովում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, կողմ քվերակեց 89 պատգամավոր:

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում «Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավորների ներկայացրած Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխարինելու օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիշեցնենք, որ ԱԺ նիստին չէին մասնակցում ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը»:

Հիշեցնենք նաև, որ օրենքի նախագծով՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը դադարում է:

Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի դատավոր, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը:

Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների` սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:

Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ավելի վաղ նախաձեռնվել էր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 դատավորների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով, այնուհետև չեղարկվեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում