Մասնագետները՝ աշխատող ուսանողների վարձավճարները եկամտահարկով վճարելու նախագծի մասին (տեսանյութ)

Մասնագետները՝ աշխատող ուսանողների վարձավճարները եկամտահարկով վճարելու նախագծի մասին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԱշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկով։ Կառավարությունն արդեն հաստատել է մասնագիտությունների ցանկը։

«Սահմանվել է օպտիմալ ցանկ, որում տեղ գտած մասնագիտություններով սովորող քաղաքացիները, ովքեր աշխատում են, կարող են իրենց եկամտահարկից փոխհատուցել վարձավճարները»,- Կառավարության նիստի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Ցանկում ներառված մասնագիտությունները, սակայն, դժգոհությունների առիթ են դարձել շատ ուսանողների և մասնագետների շրջանում։ Շատերի կարծիքով՝ ցանկը սահմանափակ է, ներառված չեն այն մասնագիտությունները, որոնք իրապես պահանջարկ ունեն աշխատաշուկայում։

Նախագծի հիմնավորման մեջ, սակայն, նշվում է, որ այն կօգնի աշխատաշուկան համալրելու համապատասխան մասնագետներով, այսինքն՝ նախագծով կկանոնակարգվի բուհ-աշխատաշուկա կապը։ Սակայն կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը համաձայն չէ այս հիմնավորման հետ, ով Tert․am-ի հետ զրույցում նշեց, որ նախագիծն ընդամենը սոցիալական ծրագիր է և մեծ հաշվով չի կարող կարգավորել աշխատաշուկայի խնդիրները․ «Չեմ կարծում, թե այս նախագիծը կարող է փոխել այս ոլորտում առկա խնդիրները, ոչ միշտ է սովորելն ու աշխատաշուկան կապակցված»։ Հայաստանի մարդկային ռեսուրսների ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանն էլ Tert․am-ի հետ զրույցում նշեց, որ նախագիծը կարող է օգնել ուսանողներին կարճ ժամանակահատվածում մտնել աշխատաշուկա, սակայն կադրային որակ ապահովելու առումով այն իրատեսական չէ․ «Դժվար է ընդհանրացնել և ասել, եթե մենք ընդունել ենք այս ծրագիրը, ապա մենք կունենանք ավելի լավ որակ, այստեղ ես մի քիչ վերապահումով կմոտենայի, մի փոքր հետ կգնայի ու այդպես ամպագոռգոռ հայտարարություն չէի անի»։

Համաձայն ԿԳՄՍ նախարարի՝ մասնագիտությունների ցանկն ավելի արդյունավետ դարձնելու համար խորհրդակցել են բոլոր գերատեսչությունների հետ, սակայն, Սերոբ Խաչատրանը նշում է, որ իր համար հասկանալի չէ, թե ինչ տրամաբանությամբ են ընտրվել մասնագիտությունները․ «Բավականին սուբյեկտիվ է հասարակական գիտությունների հատվածը, քանի որ դրված է ընդամենը երկու մասնագիտություն, մշակութաբանություն և սոցիոլոգիան, բնականաբար պարզ չէ, թե ինչու են այդ երկուսն ընտրվել, ինչու այդ մեծ ցանկից ընտրվեցին այդ երկուսը»։

Մասնագիտությունների ընտրության տրամաբանությունը հասկանալի չէ նաև գրականագետ Գևորգ Էմին-Տերյանի համար։ Նրան վրդովեցրել է հանգամանքը, որ ցանկում ներառված մասնագիտությունների կողքին չկան հայագիտական մասնագիտություններ․ «Ես սրտի թրթիռով բացեցի այդ ցանկը, ես մտածում էի, թե նոր, հեղափոխական բաներ կտեսնեմ այդտեղ, որ նախարարությունը արևմտահայերենի համար առանձին, հնարավորություն է ուզում ստեղծել, բայց, ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ մեր ներկայիս ԿԳՄՍ նախարարության կողմից նսեմացուցիչ վերաբերմունք հայագիտության նկատմամբ, որովհետև այդ ցանկում հայագիտական ոչ մի առանցքային մասնագիտություն չկա, կա հիմնավորում, որը շատ ծիծաղելի է թվում, ասում են թե աշխատաշուկայում կան մասնագիտությունների պակաս և այդ պակասը լրացնելու համար կառավարությունը այս մասնագիտությունների համար ստեղծում է հնարավորություն, որ մարդիկ վերապատրաստվեն»։

Ըստ գրականագետի՝ այս նախագծով նախարարությունը «Հայոց լեզուն», «Հայ գրականությունը» և «Պատմությունը» ոչ պարտադիր առարկաներ համարելու մասին նախագծից հետո հերթական անգամ իր վերաբերմունքը ցույց տվեց հայագիտության նկատմամբ․ «Մենք այստեղ ունենք այնպիսի խնդիրներ, օրինակ` արևմտահայերենը պատկանում է մեռնող լեզուների ցանկին և մենք չունենք այսօր արևմտահայերենի մասնագետներ, ուսուցիչներ պատրաստող ծրագրեր պարտավոր ենք ունենալ և ԿԳՄՍ նախարարությունը պարտավոր է ունենալ հայեցակարգ՝ պակասը լրացնելու և զարգացման ուղիներ նշելու, իսկ իրենք զբաղված են իրենց համակրություններն ու հակակրություններնը այսպիսի օրենսդրական նախագծերի միջոցով արտահայտելով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում