«Հրապարակ». Կպչուն մտքեր. երկիրը հայտնվում է պատանդի կարգավիճակում

«Հրապարակ». Կպչուն մտքեր. երկիրը հայտնվում է պատանդի կարգավիճակում

«Կպչուն մտքերը վտանգավոր են ցանկացած մեկի դեպքում, իսկ բարձր իշխանությամբ օժտված անձի դեպքում՝ վտանգավոր հարյուրապատիկ։ Երբ իշխանության առաջին դեմքն իր կյանքի նպատակն է դարձնում Սահմանադրական դատարանի նախագահից ազատվելը և մի ողջ պետական մեքենա ամիսներ, անգամ՝ տարիներ շարունակ ծառայեցնում է այդ նպատակի իրագործմանը՝ մի կողմ թողնելով իր բուն գործառույթները և ահռելի թվով ոլորտներում ձախողումներ գրանցելով, ողջ երկիրն ու հասարակությունը հայտնվում են պատանդի կարգավիճակում։

Ադեկվատ մտածող, պրոցեսների խորքն ընկալող մարդիկ խոսում են, գրում են, բարձրաձայնում են, ուղղակի՝ բղավում են․ կանգ առ, հարգելի իշխանություն։ Զբաղվիր կորոնավիրուսի դեմ պայքարով՝ առողջապահության ոլորտում հազարավոր խնդիրներ կան՝ լուծման կարոտ։ Ներդրումների ուղղությամբ աշխատիր՝ ոչ մեկը ֆինանս չի ուզում դնել տնտեսության մեջ։

Գյուղատնտեսական աշխատանքների բուռն սեզոնն է՝ գյուղացու հոգսերով զբաղվիր, գյուղմթերքի իրացման ու արտահանման հարցերի լուծմամբ։ Կրթական համակարգը փլուզվում է՝ հեռավար կրթությունն ավելի է խորացրել համակարգի խնդիրները, բուհերում անկառավարելի վիճակ է, գոնե ռեկտորների ընտրություն կազմակերպիր։ Մրցույթներ՝ տենդերներ կազմակերպիր, բոլոր հնարավոր օղակներում ոչնչացվում են մրցույթների անցկացման ավանդույթները։ Կոռուպցիան դանդաղ սողոսկում է տարբեր համակարգեր։ Մի խոսքով՝ երկիրը չի կառավարվում, բառիս բուն և ուղղակի իմաստով։

Մի՞թե չկան մարդիկ իշխանության մեջ և կողքին, որոնք կգիտակցեն կարևոր և անկարևոր, առաջնահերթ և երկրորդական խնդիրների տարբերությունը, որոնք կկանգնեցնեն կպչուն մտքերը կյանքի կոչելու այս՝ երկրի համար վտանգավոր, հասարակությանը պառակտող, իշխանություններին այլասերող գործընթացը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում