Մոսկվայում կովկասցի քրեական հեղինակությունների հանդիպման ժամանակ շուրջ 30 մարդ է ձերբակալվել

Մոսկվայում կովկասցի քրեական հեղինակությունների հանդիպման ժամանակ շուրջ 30 մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՌԴ իրավապահ մարմինները Մոսկվայի հյուսիս-արևելքում գտնվող Ալտուֆևսկոյե մայրուղու վրա քրեական հեղինակությունների ձերբակալման գործողություն են իրականացրել, որի շրջանակում շուրջ 30 մարդ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով իրավապահ մարմիններում աղբյուրին:

«Իրավապահ մարմինները տեղեկություն էին ստացել, որ կովկասյան հանրապետություններից քրեական հեղինակությունները հանդիպելու են մայրուղու վրա գտնվող սրճարանում: Դրանից հետո ոստիկանությունն ու Անվտանգության դաշնային ծառայությունը գործողություն են կազմակերպել և սրճարանում ձերբակալել շուրջ 30 մարդու»,- ասել է գործակալության զրուցակիցը` նշելով, որ ձերբակալվածների մի մասը զինված է եղել:

Աղբյուրի խոսքով` գործողության իրականացման ժամանակ մի քանի կրակոց է հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ տուժել է:

Աղբյուրը տեղեկացրել է նաև, որ ստուգելու են բոլոր ձերբակալվածների մասնակցությունը Մոսկվայի մարզում կատարված հանցագործություններին:

«Բոլոր ձերբակալվածները ստուգվելու են հետախուզվող անձանց տվյալների բազաներով, ստուգվելու է նրանց մասնակցությունը Մոսկվայի մարզում կատարված հանցագործություններին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի խոսքով` կստուգվեն նաև ձերբակալվածների մոտ եղած զենքերը, կստուգվի, թե արդյոք նրանք իրավունք ունեցել են զենք կրելու, ինչ փամփուշտներով են դրանք լիցքավորվել և արդյոք օգտագործվել են որևէ հանցագործություն կատարելիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում