«Թուրքիան իրեն բռնակալի պես է պահում». Հունաստանի պաշտպանության նախարար

«Թուրքիան իրեն բռնակալի պես է պահում». Հունաստանի պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՀունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանագիոտոպուլոսը հունական հեռուստաընկերության եթերում կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիային Միջերկրական ծովի արևելյան հատվածում հորատման աշխատանքներ իրականացնելու համար և հայտարարել է, որ Թուրքիան իրեն բռնակալի պես է պահում: Այս մասին գրում է habervakti.com կայքը:

Հաղորդավարի հետ զրույցում պաշտպանության նախարարն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարարի այն հայտարարությանը, որ Թուրքիան պատրաստ է Հունաստանի հետ երկխոսության:

«Ես և Հունաստանի կառավարությունն արդեն հայտարարել ենք, որ շանտաժի և մեր երկրի ինքնիշխանության դեմ կատարվող քայլերի պարագայում երկխոսության կոչ անել հնարավոր չէ: Մենք նման երկխոսություն չենք ուզում: Նրանք ուզում են բանակցել այն մասին, թե ինչ են իրենք ուզում և ինչ մենք կարող ենք նրանց տալ: Խնդիրները նման կերպ չեն լուծվում: Հունաստանը շարունակում է հետևել միջազգային իրավունքի նորմերին, իսկ Թուրքիան տարածաշրջանում իրեն բռնակալի պես է պահում»,- ասել է Պանագիոտոպուլոսը:

Հունաստանի պաշտպանության նախարարը նշել է նաև, որ եթե Թուրքիան շարունակի հունական Կրետե կղզու ափերի մոտ նավթի ու գազի հորատման աշխատանքներ իրականացնել, իրենք դա չեն հանդուրժի` ընդունելով որպես Հունաստանի ինքնիշխանության խախտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում