«Ժողովուրդ»․ Ինչ պաշտոն են նախատեսել Արտակ Դավթյանի համար. տարակարծություններ` ՊՆ-ում

«Ժողովուրդ»․ Ինչ պաշտոն են նախատեսել Արտակ Դավթյանի համար. տարակարծություններ` ՊՆ-ում

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում դեռևս չեն կողմնորոշվում՝ ինչ պաշտոնի նշանակել զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին, որն աշխատանքից ազատվել էր հունիսի 8-ին՝ որդու հարսանեկան արարողությունից մեկ օր անց:

Մենք գրել էինք, որ քննարկումներ են ընթանում նրան ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ նշանակելու վերաբերյալ՝ Մովսես Հակոբյանի փոխարեն, սակայն տեղեկացանք, որ քննարկումները ՊՆ-ում այնքան էլ լավ չեն ընդունվել:

Մեր տեղեկություններով՝ շատերը համարել են, որ Դավթյանին Հակոբյանի փոխարեն բերելով՝ կարող են նոր խնդիրների առաջ կանգնել, ուստի լավ կլինի նրա համար նոր պաշտոն մտածել: Եվ, ահա, քննարկումների արդյունքում որոշել են՝ լավ կլինի Արթուր Դավթյանին տանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 22-ին Սերժ Սարգսյանը Հայկազ Բաղմանյանին նշանակել էր ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով: Եվ ստացվում է, որ 2021 թվականին լրանում է Բաղմանյանի պայմանագրի ժամկետը, և միգուցե ՊՆ-ում չսպասեն ժամկետի ավարտին:

Ի դեպ, նախարարությունում տարածված լուրերի համաձայն՝ Դավթյանին որևէ պաշտոնում նշանակելու հարցում ակտիվություն է ցուցաբերում ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը, որը Արտակ Դավթյանի մտերիմ ընկերն է»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում