ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԿառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը, «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն ու մի շարք այլ հարցեր։

Օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ 2018-2019 թվականների հաղորդումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, ինչպես նաև Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու հարցը, որով առաջարկվում է փոխել գույքահարկի հարկման բազան և որոշ դեպքերում դրույքաչափերը, ինչի հետևանքով գույքահարկը կաճի։

Հիշեցնենք, որ խորհրդարանը երեկ ընդունեց օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, ըստ որի` օրակարգի մի շարք հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում:

Կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երեկ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ խորհրդարանականների քննարկմանը ներկայացրեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Նախագծով առաջարկվում է Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածում կասեցման ազդեցությունից բացառություն նախատեսել այլ անձանց կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտերի կամ զուգորդող վարչական ակտի բարենպաստ մասի վիճարկման դեպքերի համար: Այսպիսով, երրորդ անձանց կողմից այլ անձին ուղղված վարչական ակտի վիճարկումն ինքնաբերաբար չի հանգեցնի վարչական ակտի կատարման կասեցման: Նախատեսվում են համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 74-րդ հոդվածում: Ըստ հիմնական զեկուցողի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում դատարանների վարույթներում կասեցված վիճակում են բազմաթիվ վարչական ակտեր, այդ թվում` շինարարական թույլտվություններ, նախատեսվում է կարգավորումները տարածել նաեւ դատարանների վարույթում գտնվող գործերի նկատմամբ: Նախատեսվող կարգավորումները հնարավորություն կտան նաեւ ապահովելու ներդրումների եւ ներդրումային ծրագրերի անխոչընդոտ իրականացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում