Արամ Վարդևանյան. ՍԴ-ից դիմումները հետ ենք վերցնում հանուն իրավական պետության ու սահմանադրական կարգի

Արամ Վարդևանյան. ՍԴ-ից դիմումները հետ ենք վերցնում հանուն իրավական պետության ու սահմանադրական կարգի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: «Սահմանադրական դատարանից մենք հետ ենք վերցնում առավել քան հիմնավոր երկու դիմումներ, որոնք ներկայացրել էինք 2019-ի մայիս-հունիս ամիսներին»,- ՍԴ շենքից դուրս գալուց հետո դատարանին ուղղված դիմումը ցույց տվեց ու լրագրողներին մանրամասներ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա ցավ հայտնեց, որ դիմումները ներկայացնելուց մեկ տարի անց՝ այսօր Ռոբերտ Քոչարյանի գործը շահարկումների առարկա է դարձել։

«Բանը հասել է նրան, որ ընդհուպ պատգամավորները, որոնք պարտավոր են կատարել իրենց սահմանադրական պարտականությունները… Ես շատ լավ ճանաչում եմ Էդմոն Մարուքյանին, Տարոն Սիմոնյանին, նրանք իրավաբաններն են, իսկ իրավաբանները կարծես բոլորը բոլորին ճանաչում են, խոսում են իրավական պետության սկզբունքի մասին, բայց դրա դեմ գործողություն չեն կատարում։ Ես մի վատ օրինակ կբերեմ, եթե թույլ տաք։ Դա նման է նրան, որ եթե մեր դիմաց սկսեն մի խանութ այրել, մի մեքենա սկսեն թալանել, և ես ասեմ, այդ մեքենայի սեփականատիրոջը միգուցե ճանաչում եմ, հիմա հաղորդում չեմ ներկայացնի ոստիկանություն, եկեք մի քիչ ժամանակ անցնի, կտեսնենք։ Հենց նման շահարկումներից ելնելով՝ մենք այսօր նման դիմում ներկայացրեցինք»,- մանրամասնեց Արամ Վարդևանյանը։

Նա ընդգծեց, որ նման դիմում ներկայացնում են ոչ թե կոնկրետ միավորի համար, այլ հանուն իրավական պետության ու սահմանադրական կարգի։ Փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի համար անընդունելի է իր անունը, գործը շահարկելը առավել ևս հիմք ընդունելն անգործության համար։

«Պարտականությունները կատարում են, ոչ թե շահարկումներով ու մեկնաբանություններով խուսափում դրանցից։ Հիմա չկան նման շահարկումներ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումների դատաքննությունը է նշանակել հուլիսի 7-ին։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ ԲՀԿ-ի ՍԴ դիմելու նախաձեռնությանը կմիանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ նիստը տեղի ունենալուց հետո։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում