Իշխանությունը գործում է ոչ թե օրենքով և իրավունքի ուժով, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկություններով. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Իշխանությունը գործում է ոչ թե օրենքով և իրավունքի ուժով, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկություններով. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՎահե Գրիգորյանը Հայաստանի այն իրավաբաններից է, որ խոսում է կոճակով, այսինքն՝ սեղմում են, ինքը սկսում է խոսել այն, ինչ հաճո է քաղաքական իշխանություններին: Այս մասին այսօր Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի գնահատականին, ըստ որի` ԱԺ-ի ընդունած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում է 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է դատավոր, իրավական է և սահմանդրական:

Քաղաքագետը հղում կատարեց իրավաբանների դիտարկումներին, ըստ որոնց` ՀՀ Սահմանադրության 80-րդ կետը, որով նախատեսվում է, որ նշված երեք դատավորները, անգամ եթե ապօրինի ճանապարհով Սահմանադրություն է փոխվել, շարունակում են մնալ Սահմանադրական դատարանի դատավոր, իսկ Հրայր Թովմասյանը` ՍԴ նախագահ:

«Խնդիրն այն է, որ իրավական, քաղաքական բոլոր փաստարկներն անտեսվում են, և իշխանություններն այսօր գործում են ոչ թե օրենքով և իրավունքի ուժով, այլ գործում են բացառապես Նիկոլ Փաշինյանի ցանկություններով և հրահանգներով, որի ականատեսը եղանք երեկ գիշերը: Փոքր երեխայի պես, ինչպես երեխաներն են սպասում Նոր տարվա գիշերվան, նույն այդ հրաշքի ակնկալիքով 12:01 գրառում է անում, «ավետելով», որ այդ դատավորները այլևս դատավորներ չեն»,– ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն ընդունել էր Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որով կասեցվում է 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։ Նույն նախագծով` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Այս նախագիծը մասնագիտական շրջանակները որակել են որպես օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել` օրինագիծը ՍԴ ուղարկելու վերաբերյալ։ Ստորագրահավաքին միացել էր նաև ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, չէր միացել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Նախագիծը ՍԴ ուղարկելու համար անհրաժեշտ էին ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում