Ալվինա Գյուլումյան այսօր գնացել է աշխատանքի

Ալվինա Գյուլումյան այսօր գնացել է աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.amԹեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսգիշերին հայտարարեց, որ ՍԴ երեք դատավորի, այդ թվում Ալվինա Գյուլումյանն արդեն ՍԴ անդամ կամ դատավոր չեն, սակայն տիկին Գյուլումյանն այսօր եկավ աշխատանքի, լրագրողներին ասաց, որ շարունակելու է իր գործունեությունը։

Ա.Գյուլումյանի խոսքով, հարցը կարգավորվում է որոշակիորեն սահմանված կարգով, որևէ մեկը դեռ չի արձանագրել, որ իր լիազորությունները դադարեցված են։

«Սահմանադրական նորմն ընդունվել է, բայց գոյություն ունի Սահմանադրական դատարանի մասին օրենք, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի գործունեությունն։ Այս պարագայում օրենքի ուժով դեռ շարունակում ենք աշխատել։ Դատարանում երբ որևէ մեկի լիազորությունները դադարել են, դատարանն արձանագրային որոշում է ընդունել, որով հաստատվել է տվյալ անձի լիազորությունների դադարման փաստը։ Առայժմ այդպիս փաստաթուղթ չկա։ Իսկ հայտարարությունները ոչ իմ, ոչ ձեր աշխատանքից ազատվելու հիմք չեն։

Կոնկրետ իմ, նաև մյուսների պարագայում պետք է լինի նաև ինչ-որ իրավական հիմք, որը կասի, որ այո, սա վերաբերվում է տիկին Գյուլումյանին։ Հայտարարությունները իրավական հիմք չեն»,– ասաց Սահմանադրական դատարանի դատավորը։

Հարցին՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը ձեզ արդեն անվանում է նախկին գործընկեր, նա պատասխանեց. «Դա էլ Վահե Գրիգորյանի կարծիքն է, ես ինչ ասեմ։ Ով ինչպես ուզի, կասի»։

Ա.Գյուլումյանն ասաց, որ իրենց իրավունքների պաշտպանության համար, իհարկե, քայլեր պետք է լինեն. «Այդ քայլերը պետք է լինեն դատական կարգով։ Եթե գտնում եք, որ ներպետական դատարաններ չկան այդ հարցով, կդիմենք Եվրոպական դատարան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում