Քանի դեռ չունենք պատվաստանյութ, միակ պատվաստանյութը մնում է դիմակը. Փաշինյան

Քանի դեռ չունենք պատվաստանյութ, միակ պատվաստանյութը մնում է դիմակը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.amՄեր բոլոր ԲԿ-ները շատ ակտիվ համագործակցում են առողջապահության նախարարության հետ, կառավարության հետ և բարձր մակարդակով իրականացնում են իրենց գործառույթները: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարզապես, երբ կոնկրետ իրավիճակ է ծագում և մասնագետները ուսումնասիրում են կառուցակարգերը, փորձում են ի հայտ բերել օրենսդրական բացերը, որոնք տեսականորեն կարող են գոյություն ունենալ որոշակի իրավիճակներում և այդ փոփոխությունը ընդամենը օրենսդրական մեխանիզմը ամբողջացնելու նպատակ ունի: Մենք մինչև այսօր չենք ունեցել իրավիճակ, երբ այդ գործիքը կիրառելու անհրաժեշտություն կունենանք»,- ասաց վարչապետն ու անդրադարձավ նաև տնտեսական գործոնին:

«Ես ասել եմ, որ ապրիլին Հայաստանում 71 հազար աշխատատեղ փակվել էր, և եթե այդ ռեժիմը շարունակվեր, Հայաստանն իսկապես կարող էր սոցիալական կոլապսի առջև կանգնել: Հետևաբար պետք է մաքսիմալն անենք կորոնավիրուսի հետ համատեղ ապրելու հմտություններ ձեռք բերելու համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հակահամաճարակային կանոններին, վարչապետն ասաց.

«2 օր առաջ Հայաստան էր այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը և փորձեցինք նրանց գնահատականը լսել: Մենք արձանագրեցինք, որ հակահամաճարակային կանոնները ունիվերսալ են, խնդիրը այդ կանոնները պահպանելու որակի մեջ է: Մեզ ոչ մի նոր ռեկոմենդացիա չի տրվել, դրանք նույնն են՝ դիմակ, սոցիալական հեռավորություն և ձեռքերի ախտահանում:

Նույնիսկ ԱՀԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ այս պահին, ցավոք սրտի, չունենք պատվաստանյութ և չգիտենք՝ երբ կունենանք: Քանի դեռ չունենք պատվաստանյութ, միակ պատվաստանյութը մնում է սա՝ նկատի ունենալով դիմակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում