Մասնագիտական և մարդկային արժանատվության մասին

Մասնագիտական և մարդկային արժանատվության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, FacebookԿյանքում սովորաբար դժվար է լինում տարանջատել, թե որն է լավը, որը՝ վատը, ով է արժանապատիվ, իսկ ով՝ ոչ: Սակայն այս օրերին ՍԴ-ի շուրջ տեղի ունեցողը որքան էլ բացասական, այդուհանդերձ ուսուցողական արժեք ունի: Սա երիտասարդներիս համար կյանքի դաս է մասնագիտական և մարդկային արժանապատվության մասին: Այդ դասը լավագույնս խտանում է ներքևի նկարում պատկերված երկու մարդկանց կերպարներով:

Առաջինը ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն է: Նրա պրոֆեսիոնալիզմի մասին պատկերացում կազմելու համար միայն նշեմ, որ 12 տարի եղել է ՄԻԵԴ-ի դատավոր: Դրանից բարձր կարգավիճակ իրավաբանի համար, կարծես, չկա: Մի քանի ամսից լրանում է նրա 65 ամյակը, և, ըստ Սահմանադրության, նրա պաշտոնավարումը պետք է ավարտվի: Չնայած սրան նա հրաժարվեց օգտվել «Վաղ կենսաթոշակի մասին» օրենքից, որով հրաժարական տված ՍԴ դատավորները ցմահ ստանալու էին իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ (800.000 դր): Ինչու՞ հրաժարվեց այդքան գրավիչ կենսաթոշակից, ինչու՞ է նա մինչ այսօր պայքարում իր իրավունքների ու Սահմանադրության համար, եթե մի քանի ամսից այսպես թե այնպես իր կարիերան ավարտվելու է: Պատճառը շատ պարզ է. կա մարդկային և մասնագիտական արժանապատվություն, որը վեր է գումարից և խաղաղ կյանքից: Ալվինան իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի պրոֆեսիոնալը: Եվ ես գիտեմ, թե ես ինչպիսին եմ ուզում լինել և ում օրինակով եմ բացատրելու ինձնից փոքր սերունդներին, թե ինչ բան է արժանապատվությունը:

Երկրորդ նկարում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է: Մասնագիտական շրջանակները պնդում են, որ նա ոչ թե իրավաբան է, այն իրավաբանական կրթություն ունեցող քաղաքական գործիչ: Այսինքն, Վահեն իրավունքը մշտապես հարմարեցրել է քաղաքական շահերին: Մեկ տարի առաջ «Իմ քայլը» խմբակցությունը նրան դատավոր ընտրելու համար մերժեց երկու պրոֆեսիոնալ և քաղաքականապես չեզոք թեկնածուների: Բայց երբ Վահեն դժվարությամբ դարձավ դատավոր, նա անսպասելիորեն «ինքնահռչակվեց ՍԴ նախագահ», մի երկար նամակ գրեց, որտեղ ներմուծեց «անդամ-դատավոր» բառախաղը, նշեց, որ «ՍԴ-ն լեգիտիմ չէ», և նա չի պատրաստվում նիստերին մասնակցել: Մեկ տարի նիստերին չմասնակցելով՝ նա այնուհանդերձ չխորշեց ստանալ աշխատավարձ, պարգևավճար և ծառայողական մեքենա: Այսինքն, գնաց և ընտրվեց դատավոր մի մարմնում, որը նա ի սկզբանե լեգիտիմ և օրինական չէր համարել, իսկ ընտրվելուց հետո էլ աշխատավարձ ստացավ, բայց աշխատանքի չգնաց ու արդարադատություն չիրականացրեց: Այսօր էլ Գրիգորյանը հայստարարել է, որ այսուհետ մասնակցելու է նիստերին, քանի որ «ՍԴ ճգնաժամը ավարտվել է»: Ու սա այն պարագայում, երբ մեկ տարի առաջ իր հայտնի նամակի առաջարկները կյանքի չեն կոչվել: Պարզապես արդեն իրենք կունենան մեծամասնություն, հետևաբար «ճգնաժամը լուծված է»: Վահեն իր օրինակով ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի պրոֆեիոնալը: Եվ ես գիտեմ, թե ես ինչպիսին չեմ ուզում լինել ոչ մի դեպքում և ում օրինակով եմ բացատրելու ինձնից ցածր սերունդներին, թե ինչ ՉԷ մասնագիտական արժանապատվությունը:

Ցավոք, «Ալվինան ընդդեմ Վահեի» պայքարում այսօր հաղթողը Ալվինան չէ: Թող սա լինի այն գինը, որը վճարվում է հասկանալու համար, թե որն է լավը, որը՝ վատը, ով է արժանապատիվ, իսկ ով՝ ոչ:

Դավիթ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում