Երկրում տեղի է ունենում սահմանադրական կարգի տապալում, իշխանության յուրացում՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից. Ամրամ Մակինյան

Երկրում տեղի է ունենում սահմանադրական կարգի տապալում, իշխանության յուրացում՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից. Ամրամ Մակինյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Շատ պարզ իրավիճակ է՝ սահմանադրական կարգի տապալում իրականացնող գործողություններ են: Իմ գնահատականներն այդ հարցում միանշանակ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին:

Փաստաբանն ընդգծեց՝ իրավիճակին հնարավոր չէ իրավական գնահատական տալ, քանի որ իրավական գործընթաց չկա: «ԱԺ-ն չուներ և չունի լիազրութուններ՝ սահմանադրական փոփոխություններ կատարելու»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե իշխանությունները պնդում են, որ փոփոխություններն իրականացնելիս հաշվի են առել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությունները, Մակինյանն ասաց, թե այդ հարցում հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի խոսքը հստակ է եղել՝ հղում անելով վերջինիս՝ Հրայր Թովմասյանին ուղղված նամակին:

«Մի պահ ընդունենք՝ իշխանություններն ինձ կարող են դիտել շահագրգիռ անձ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ես ներկայացնում եմ Հրայր Թովմասյանի շահերը, բայց եթե Վենետիկի հանձնաժողովի նման հեղինակավոր միջազգային կառույցի ղեկավարն է նման բան ասում, սրանից հետո իշխանություններն ինչ ասեն»,- նշեց փաստաբանը:

Նա շեշտեց՝ վարչապետը մեկնաբանում է Սահմանադրությունը՝ ասելով, թե այս ժամին այսպես կլինի, մյուս ժամից հետո էլ այնպես է լինելու: «Սա վկայում է երկրում տոտալ անօրինականության մասին: Ես ի սկզբանե ասել եմ՝ նախապատրաստվում է իշխանության յուրացում, սահմանադարական կարգի տապալում»:

Հարցին՝ ինչ է սպասվում այժմ, երբ իշխանությունները պնդում են, որ ՍԴ երեք դատավորների պաշտոնավարուոմը դադարել է, Հրայր Թովմասյանն էլ այլևս ՍԴ նախագահ չէ, իսկ, օրինակ, ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հայտարարում է, որ ինքը շարունակում է պաշտոնավարել՝ օրենքի ուժով, Մակինյանն արձագանքեց. «Ես ամբողջությամբ կիսում եմ Ալվինա Գյուլումյանի կարծիքը, որ իր լիազորությունները չեն կարող դադարեցված լինել. դա միանշանակ է»:

Դիտարակմանը՝ եթե գործողությունները հակասահմանադրական են, և առաջանա քրեական պատասխանատվության խնդիր, ովքե՞ր են պատասխան տալու, և դա արդյոք վերաբերո՞ւմ է նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին, եթե վերջիններս չեն մասնակցել քվեարկությանը, փաստաբանը պատասխանեց. «Քրեական գործ հարուցելուց հետո մեղքի պատասխանատվության սկզբունքով բոլորն էլ պատասխան են տալու: Կոնկերտ գործողության կատարումը եղել է մի խմբակցության կողմից: Իշխանությունը յուրացնելու գործողությունը կատարվել է «Իմ քայլը» խմբակցության կողմից, և ով կատարել է հանցագործությունը, նա էլ պատասխան է տալու: Ես չեմ տեսնում այլ խմբակցությունների կողմից պատասխանատվության հարց»,-ասաց նա:

Հարցին՝ ինչու՞ «Լուսավոր Հայաստանը» չմիացավ «Բարգավաճ Հայաստան»-ի՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությանը, Մակինյանը պատասխանեց, թե իր կարծիքով՝ «Լուսավոր Հայաստանն» իշխանության հետ պայմանավորվածություն ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում