Իրանի որոշ նահանգներում այսօրվանից սկսած դիմակ կրելը պարտադիր կլինի

Իրանի որոշ նահանգներում այսօրվանից սկսած դիմակ կրելը պարտադիր կլինի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amԻրանի նախագահ Հասան Ռոհանին նախօրեին հայտարարել է, որ երկրի որոշ նահանգներում հունիսի 29-ից սկսած դիմակների պարտադիր կրման ռեժիմ կսահմանվի, իսկ կորոնավիրուսից առավել տուժած նահանգների իշխանություններին խիստ կարանտինային ռեժիմ սահմանելու իրավունք կտրվի, գրում է eadaily.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ մինչ այժմ, չնայած հիվանդության տարածման և մահացության բարձր ցուցանիշներին, իսլամական հանրապետությունը խուսափել է երկրում տնտեսության ամբողջական «արգելափակումից»։

Դիմակ դնելը պարտադիր կլինի փակ տարածություններում, ինչպես նաև բաց տարածությունում անցկացվող զանգվածային միջոցառումների ժամանակ։ Այս նոր սահմանված ռեժիմը գործելու է մինչև հուլիսի 22-ը և անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել։

Նախագահը հավելել է, որ երկրի առողջապահության նախարարությունն այն հասարակական վայրերի և զանգվածային միջոցառումների «հստակ ցուցակն» է կազմել, որտեղ ներկա գտնվելու պարագայում վարակվելու ռիսկը բարձր է։

Միևնույն ժամանակ նշվում է, որ իշխանությունները չեն հայտնել, թե ինչպիսին են լինելու դիմակ դնելու ռեժիմը խախտելու համար տուգանքները և հնարավոր վարչական պատժամիջոցները կամ ընդհանրապես գործելու են նման միջոցներ, թե ոչ։

Նշվում է, որ երկրում համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը հանգեցրել է նրան, որ նախկինում առավել բարվոք վիճակում գտնվող նահանգները դասակարգվել են որպես «կարմիր», այսինքն՝ այս շրջաններում վարակակիրների թիվը կտրուկ ավելացել է։

Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչները վիճակագրական տվյալներ են հրապարակել, ըստ որոնց՝ Իրանում ամեն 33 վայրկյանը մեկ մի բնակիչ վարակվում է Covid-19-ով, իսկ յուրաքանչյուր 13 րոպեն մեկ՝ մահանում այդ հիվանդությունից։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Իրանում համավարակի սկզբից հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 222 669 դեպք, որից 10 508-ը՝ մահվան ելքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում