Առաջնագծի տեխնիկական հագեցվածության իրական պատկերը. Տիգրան Աբրահամյան

Առաջնագծի տեխնիկական հագեցվածության իրական պատկերը. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amTert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կետրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան հոդվածը, որում նա անդրադարձել է առաջնագծի տեխնիկական հագեցվածության, նոր տեխնիկական լուծումների, դիտարկման համակարգերի վերաբերյալ քննարկումներին: Նա մասնավորապես նշել է, որ թեև զինված ուժերը «հեղափոխական» տերմինաբանություն չեն ընդունում, սակայն պետք է նշվի, որ 2014-2015 թվականին զինված ուժերում տրվեց տեխնիկական հեղափոխություն մեկնարկը: Հոդվածը՝ ստորև.

Վերջին շրջանում առաջնագծի տեխնիկական հագեցվածության, նոր տեխնիկական լուծումների մասին շատ խոսվեց, նույնիսկ հակառակորդի պաշտպանության նախարարը խոստովանեց, որ այդ համակարգերի պատճառով իրենց որոշ պլաններ ձախողվել են և վերջին տարիներին ստիպված են եղել մարտավարական կտրուկ փոփոխությունների գնալ:

Արցախում դիտարկման համակարգերի, տեխնիկական զինման, վերազինման գործընթացների մասին առաջին անգամ բարձրաձայն սկսեց խոսվել դեռևս 2014 թվականին:

Ի՞նչ էր դա ներկայացնում, ինչո՞ւ հենց այդ փուլում դրանց կարևորությունն առաջին պլան բարձրացավ և վերջապես ի՞նչ խնդիր լուծվեց:

Զինված ուժերը «հեղափոխական» տերմինաբանություն չեն ընդունում, սակայն սա այն դեպքն է, որ պետք է նշվի, որ 2014-2015 թվականին զինված ուժերում տրվեց տեխնիկական հեղափոխություն մեկնարկը:

Հասկանալու, վերհիշելու համար թե ինչ վիճակ էր այդ ժամանակ առաջնագծում, նշեմ, որ 2014-2016 թվականը՝ մինչպատերազմյան փուլը, աննախադեպ դիվերսիաների ժամանակահատված էր: Ադրբեջանական դիվերսիոն խմբերը պայմանական բաժանվում էին երեք խմբի: «Յաշմայի» հատուկ նշանակության 052 բրիգադ, զորամասերի, բրիգադների, կորպուսների հատուկ նշանակության ստորաբաժանումներ և զորամասի համահավաք խմբեր. հիմնականում այս ուժերի միջոցով էր իրականացվում սահմանի տարբեր ուղղություններով դիվերսիոն հարձակումները:

Հետագայում պարզ դարձավ, որ տարբեր օպերացիաների, այդ թվում՝ ապրիլյան մարտական գործողությունների, մասնակցություն են ունեցել նաև ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության նախարարության, սահմանապահ զորքերի և նույնիսկ ռազմածովային զորքերի հատուկ նշանակության ստորաբաժանումները, սակայն օպերացիաների հիմնական խնդիրը դրված էր վերևում նշածս երեք խմբի ստորաբաժանումների վրա:

2014-2016 թվականների ընթացքում մեծ թվով դիվերսիոն խմբեր հետ շպրտվեցին, կանխվեցին, սակայն նաև ցավալի զոհեր ունեցանք: Խնդիր կար ստեղծել համակարգ, որը նվազագույնը հնարավորություն կտար վաղ փուլում ֆիքսելու հակառակորդի շարժերը՝ կանխելու հակառակորդի տարբեր զորատեսակների, դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցումը սահմանի հայկական հատված:

Շատերի մոտ տպավորություն կա, որ տեսադիտարկման համակարգեր ասվածը զուտ տեսախցիկ է, որը տեղադրում ես ու այդ տեսախցիկով որոշակի հեռավորության վրա դիտարկում հակառակորդի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները:

Իսկ իրականում տեսախցիկի, դրան ուղեկցող տեխնիկական միջոցների, տեղադրման վայրի, յուրաքանչյուր դիրք մեկ համակարգում մտցնելն ու սպասարկելը հսկայական աշխատանքից բացի ծրագրային և ինտելեկտուալ մոտեցում էր պահանջում: Դրանց զուգահեռ՝ մեկ համակարգում, նոր որակի կապի ապահովման ընդգրկումը ևս կարևոր քայլ էր այս ուղղությամբ:

2014-2015 թվականներին, երբ պլանավորվեց և սկսվեց գործընթացը, դա բյուջեով նախատեսված ծրագիր չէր, սակայն հրատապությունից ելնելով խնդիր կար՝ ամեն գնով, արագ սկսել այդ գործընթացը: Զինված ուժերի համար այս կարևոր առաքելությունն, ըստ էության դրվեց Արցախի ազգային անվտանգության ծառայության այդ ժամանակվա տնօրեն, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի վրա, ով այդ գաղափարի հեղինակն էր ու հետագայում իրականացնողը:

Այս գաղափարի իրագործման համար մեծ թվով նվիրյալներ միացան՝ ֆինանսավորումից, տեխնիկական բարդ առաջադրանքի կատարումից մինչև անհրաժեշտ պայմանների ապահովում: 2016 թվականից հետո այն ներառվեց պետական բյուջեում, սակայն դա չխանգարեց բազմաթիվ նվիրյալների իրենց ֆինանսական աջակցություն ունենալու այդ կարևոր բարեփոխումն իր տրամաբանական կետին հասցնելու համար:

Մեծ աշխատանք էր տարվում տարբեր երկրների, առանձին անհատների հետ և աննկարագրելի բարդ ճանապարհներով, սխեմաներով անհրաժեշտ տեխնիկական միջոցները կարճ ժամանակում հասնում էին Արցախ: Արցախի ու Հայաստանի այդ ժամանակների նախագահների՝ Բակո Սահակյանի և Սերժ Սարգսյանի ամենօրյա հեռախոսազրույցներն ու հանդիպումները սկսում և ավարտում էին այդ կարևոր նախաձեռնությունն արագ տեմպերով ավարտին հասցնելու մասին քննարկումներով՝ դրա համար անհրաժեշտ միջոցների հայթայթումների և դրանց աղբյուրների մասին թեմաներով:

Իհարկե կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, որ դա չավարտվող ու անընդհատ շարունակվող գործընթաց էր դառնալու, որի միջոցով մարտական հերթապահության, հետախուզության, կապի որակի կտրուկ բարձրացմանը զուգահեռ մարտի վարման տեսնակյունից նոր՝ մեզ համար էականորեն տարբերվող իրավիճակ է ստեղծվելու: Սա մեր զինված ուժերի համար նոր փոփոխությունների, զորքերի մարտունակությունն առավել բարձր աստիճանի հասցնելու նոր հնարավորություն էր, համակարգ, որի զարգացումն իր ուղղակի և անուղղակի ազդեցությունն էր թողնում-թողնելու բանակի զարգացման բոլոր ուղղությունների համար:

Շատ կարևոր էր նաև, որ այս աշխատանքները մեկնարկեցին զինված ուժերի համար մի իրավիճակում, երբ մի կողմից կտրուկ ակտիվացել էին Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խմբերի ակտիվությունը, մյուս կողմից ամենօրյա ռեժիմով աշխատում էին դիպուկահար խմբերը, հրետանին, անօդաչու սարքերը:

Այդ ժամանակվա ՊԲ հրամանատարը ահռելի ջանքեր է գործադրում՝ մի կողմից հակազդելու, կոտրելու հակառակորդի ակտիվությունը և պատժիչ գործողություններ իրականացնեու համար, մյուս կողմից՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծում այս համակարգերի ներդրման ու կայացման համար:

Առհասարակ Լևոն Մնացականյանի՝ ՊԲ-ն ղեկավարելու ժամանակաշրջանը ամենաբարդերից էր՝ Ադրբեջանի կտրուկ ակտիվացումից ապրիլյան մարտական գործողություններ, որին հետևեցին հետապրիլյան ակտիվացումների ժամանակաշրջանը:

Պաշտպանության բանակն այդ փուլում ևս՝ նոր մարտահրավերների պայմաններում, իր մարտական խնդիրը պատվով կատարեց, որում շարքայինից բանակի գեներալիտետ իրենք անելիքը լավագույն գիտակցում էին ու մեծ նվիրվածությամբ իրականացնում:

Հետ վերադառնալով դիվերսիաների թեմային՝ պետք է նշել, որ 2015 թվականի արդեն երկրորդ կեսին այդ համակարգերը առաջնագծի տարբեր վտանգավոր ուղղություններում արդեն տեղակայվել էին և ներգրավվել մարտական հերթապահությունում, ինչը հնարավորություն էր տալիս կանխելու մեծ թվով հարձակման դեպքեր, ինչպես նաև՝ հետախուզական աշխատանք տանել հակառակորդի թիկունքում՝ դիտարկելով հակառակորդի շարժերն ու վարքագծային փոփոխությունները: Նույնն ի դեպ, ապրիլյան մարտական գործողությունների օրերին:

Հատկապես կենտրոնական ուղղությամբ հակառակորդի պլանավորած վերախմբավորման և զորքերի առաջընթացը կանխելու ու հակառակորդին մեծ կորուստներ պատճառելու գործում այս համակարգերն առանցքային նշանակություն ունեին: Դրանց միջոցով ոչ միայն ֆիքսվել էին հակառակորդի կուտակումներն ու շարժերը, այլ այդ համակարգը նաև կրակի կառավարման ֆունկցիա էր ստանձնել:

Ինչևէ, 2016 թվականից հետո առաջնագծի տեխնիկական կահավորման, համակարգի կայացման գործընթացն առավել արագ փուլ մտավ, ինչը հնարավոր դարձրեց մինչև 2018-2019 թվականը ոչ միայն առաջնագիծն ամբողջությամբ ապահովելու անհրաժեշտ հնարավորություններով, այլ նույն այդ համակարգն այդ ընթացքում մի քանի անգամ արդիականացնել՝ նոր հնարավորոթյուններ ստեղծել զինված ուժերի համար այդ համակարգերը հարստացնելու, համալրելու նոր ֆունկցիոնալ հնարավորություններով:

Այս համակարգի առանձնահատկությունն այն է, որ ստեղծվել է բազա, ինչը թույլ է տալիս նոր թարմացումների, արդիականացման միջոցով անընդհատ ավելացնել, լրացնել ֆունկցիոնալ հնարավորությունները, ինչը լավ հիմք է ժամանակակից պատերազմներ վարելու համար՝ անկախ նրանից, զորքերի առջև դրված խնդիրը պաշտպանական, հակահարձակողական, թե հարձակողական մարտեր վարելն է:

Ես այս համակարգի կարևոր այլ գործառույթներից զերծ կմնամ խոսել, որովհետև դրանց մի մասը մինչև այժմ հրապարակման ենթակա չէ և անհրաժեշտություն էլ չկա հանրայնացնելու, սակայն պետք է նշեմ, որ իր բազային, տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս այն արդիականացնելով նոր որակ ու հնարավորություններ հաղորդել, ինչն էլ առաջիկա տարիներին զինված ուժերի զարգացման կարևոր ուղղությունը պետք է դառնա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում