Ի՞նչ հերթականությամբ և ե՞րբ են առաջադրվելու ՍԴ դատավորները

Ի՞նչ հերթականությամբ և ե՞րբ են առաջադրվելու ՍԴ դատավորները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: «ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջին առաջադրումը կատարվելու է Կառավարության կողմից, երկրորդը՝ Հանրապետության նախագահի կողմից և երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

Նրա խոսքով, ՍԴ-ում այժմ առկա երեք թափուր հաստիքների համար առաջադրումները կատարվելու են վերոնշյալ հերթականությամբ։ Ս. Գրիգորյանը տեղեկացրեց, որ օրենքի ներկա կարգավորմամբ՝ դատավորներին առաջադրում են երկրի նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը, ապա նոր Կառավարությունը։

«Առաջարկվող նախագծով ուղղակիորեն ամրագրվում է, որ չնայած սահմանված հաջորդականությանը, առաջադրող մարմնի կողմից առաջադրում չի կատարվում, եթե կորնկրետ մարմնի կողմից առաջադրված և կոնկրետ պահին պաշտոնավարող դատավորների թիվը հավասար է երեքի։ Ուժը կորցրած է ճանաչվում նաև 17-րդ հոդվածի 5-րդ մասը, որը նախատեսում է միաժամանակյա մի քանի թափուր պաշտոնի առաջադրման դեպքում համալրման ընդհանուր կանոնը»,– ասաց նա։

Պատգամավորը ներկայացրեց, որ փոխություններ և լրացումներ են կատարվում նաև «ՍԴ մասին» օրենքի 88-րդ հոդվածում, ինչը պայմանավորված է 2020 թվականի հունիսի 22-ին խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծով Սահմանադրության 213- րդ հոդվածում կատարված փոփոխություններով։ Այս հոդվածում ուժը կորցրած են համարվում այն դրույթները, որոնք ի սկզբանե նախատեսում էին դատավորներին հնարավորություն տալ՝ գնալ վաղ կենսաթոշակի.

«Հոդվածում ամրագրվում է նաև, որ ՍԴ-ի անդամներին, դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են՝ ժամկետի դադարի հիմքով, տրամադրվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով։ Իսկ այն դեպքում, երբ պաշտոնավարման ժամկետը չի դադարում, բայց այն կրճատվում է՝ հասնելով 12 տարվա, դատավորների թոշակի հաշվարկման համար հաշվի են առնվում նրա՝ որպես դատավոր աշխատած բոլոր տարիները»։

Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ ՍԴ դատավորների թափուր տեղերի համար դատավորների թեկնածություններն առաջադրվելու են սահմանադրական փոփոխությունների օրենքի նախագծի ընդունումից հետո՝ երկամսյա ժամկետում։ Իսկ ՍԴ նախագահն ընտրվում է երեք թափուր հաստիքների համալրումից հետո 10-օրյա ժամկետում։

«Հնարավոր է, որ իրենց պաշտոնավարման ժամկետն ավարտած դատավորներին մակագրված լինեն ընթացիկ վարույթ ընդունված գործեր, ուստի նախատեսվում է սահմանված ժամկետում հրավիրել աշխատակարգային նիստ, որպեսզի այդ դատավորներին մակագրված գործերը վերամակագրվեն»,- նշեց պատգամավորը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում