Կադիրովը կոչ է արել Պուտինին ցմահ նախագահ ընտրել

Կադիրովը կոչ է արել Պուտինին ցմահ նախագահ ընտրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, Tert.amՌԴ կազմի մեջ մտնող Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցմահ նախագահ ընտրել: Այս մասին նա հայտարարել է հանրապետության իշխանությունների հետ կայացած նիստի ժանանակ։ Կադիրովը հանդիպումից այս հատվածը ցուցադրող տեսանյութը հրապարակել է թելեգրամյան իր ալիքում։

«Ես միշտ ասում եմ․ մենք պետք է Վլադիմիր Պուտինին ցմահ նախագահ ընտրենք։ Այսօր ո՞վ կարող է փոխարինել նրան։ Համաշխարհային մասշտաբով նման քաղաքական առաջնորդ չկա։ Պետք է հպարտանանք դրանով»,- հայտարարել է Կադիրովը ՌԴ սահմանադրության մեջ փոփոխությունների հարցով քվեարկության վերաբերյալ խոսակցության ընթացքում։

Նա նշել է, որ 206 ուղղումներից որևէ մեկը «հանուն փոփոխության» չի արվում։ Ըստ Կադիրովի՝ փոփոխությունները մտցվում են բացառապես «հանուն պետության դիրքերն ամրապնդելու՝ պետությունը պահպանելու համար»:

«Ես բոլոր հարազատներիս, մոտիկներիս ասել և ասում եմ․ բոլորս պետք է դուրս գանք ու քվեարկենք բարեփոխումների օգտին։ Եթե նա ընտանիքի հետ չի գնացել բարեփոխումներին կողմ քվեարկելու, ապա նրան չի հետաքրքրում, թե ինչ տեղի կունենա վաղն իր երեխաների հետ»,- ասել է Կադիրովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում