Բախում՝ ոստիկանների և Ամուլսարի պահապանների միջև

Բախում՝ ոստիկանների և Ամուլսարի պահապանների միջև

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒLԻՍԻ, Panorama.amԼիդիանի նոր պահնորդական կազմակերպությունը լարվածություն է ստեղծում Ամուլսարում։ Այս մասին նշված է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ։

«Նախորդ օրը նրանք զինված ներխուժել էին պահպանության կետ, ճզմել սպանել Ամուլսարի պահապանների խնամած շների ձագերին, զենքով հրապարակային հոխորտացել։ Այսօր իրավիճակը շարունակում է լարված մնալ, որովհետև նախորդ օրվա ձեռք բերած պայմանավորվածությունները, կարծես, չեն պահպանվում։ Ամուլսարի պահպանության պայքարը խաղաղ, ոչ բռնի անհնազանդություն է, իսկ ահա Լիդիանի վարձած կազմակերպությունը հստակորեն սադրանքի է գնում։

Ի դեպ, Լիդիանը չի հայտնում նոր պահնորդական կազմակերպության անունը, ընկերության մեքենաների վրա նույնպես բացակայում են անվան տարբերանշանները. Ջերմուկում շրջանառվող տեղեկությունների համաձայն ընկերության անունը «Հատուկ անվտանգության ծառայություն» է:

Լիդիան Ինթերնեշընըլը լուծարվել կամ վերակազմակերպվել ու անցել է իր պարտատերերերից երեք ներդրումային ֆոնդերի՝ Orion Resource Partners-ի, Osisko Mining-ի and Resource Capital Fund-ի տիրապետմանը, Լիդիանի բոլոր սեփականատերերը պատասխանատու են ստեղված իրավիճակի համար»,- նշում են Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունից։

Նշենք, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները՝ Ամուլսարի պահպանները, առավոտից պահանջում են, որ տարածք բերված պահնորդական խմբի անդամների մի մասը հավաքեն իրենց իրերն ու լքեն տարածքը։ Քաղաքացիների ու պահնորդական խմբի ղեկավարի միջև բանակցությունները էին ընթանում։ Տարածքում հավաքվել են նաև ոստիկաններ։ Նրանց և քաղաքացիների միջև բախումներ եղան։ Այնտեղ է նաև ոստիկանության մարզային վարչության պետը։

Panorama.am-ին Ջերմուկի բնակիչ Արմեն Խաչատրյանը երեկ ասել էր, որ «Լիդիանը» փոխել է անվտանգության ծառայությանը, հիմա մի կազմակերպությունից փոխանցում են մյուսին, ուզում են տարածք մտնեն, այնտեղ մնան, իրենք էլ դեմ են։ Ամուլսարի պահապանների պահանջն է՝ «զորքով ներսում չլինեն, «Լիդիանի» մեքենաներից էլ չլինեն, իրենց նպատակը գույքի պահպանությունն է, թող իրականացնեն»։ Երեկ հայտարարվեց, որ քաղաքացիների պահանջները բավարարվել էին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում