Սևանի ափին 1901.5 մետր նիշերում գտնվող բոլոր կառույցները կքանդվեն. «Սևան ազգային պարկի» փոխտնօրեն

Սևանի ափին 1901.5 մետր նիշերում գտնվող բոլոր կառույցները կքանդվեն. «Սևան ազգային պարկի» փոխտնօրեն

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Սևանի ափին գտնվող բազմաթիվ շինություններ կքանդվեն, որպեսզի չհայտնվեն ջրի ծածկի տակ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սևան ազգային պարկի» փոխտնօրեն Արայիկ Հունանյանը:

«Այս պահին մենք ունենք Կառավարության որոշում, որը նոր չէ, ըստ այդ որոշման՝ Սևանա լճի մինչև 1901.5 մետր նիշերում գտնվող պետական և մասնավոր շենք-շինությունները քանդվելու են, քանի որ լճի մակարդակը աստիճանաբար բարձրանում է»,-ասաց Արայիկ Հունանյանը:

Նշենք, որ համացանցում հրապարակվել են լուսանկարներ, որտեղ երևում է, որ քանդվում է նաև Սևանա լճի հայտնի տնակը: Հունանյանը նշեց, որ առանձին այդ շինության մասին ասել չի կարող, բայց կարող է ասել, որ ընդհանրապես 1901.5 մետր նիշից շինություն կառուցել չէր կարելի, ինչ-ինչ պատճառներով կառուցվածներն էլ գրանցվել են:

«Հիմա լճի մակարդակը բարձրանալու է և դրանք բոլորն էլ ապամոնտաժվելու են, բաներ կան, որ արդեն ջրի տակ են մնացել: Որպեսզի տնտեսվարողներին չսպառնա այն վտանգը, որ իրենց գույքն էլ կմնա ջրի տակ, այդ նպատակներով էլ քանդում են»,- ասաց նա և հավելեց, որ հայտնի տնակի քանդման մասին ավելի ճիշտ տեղեկություն կարող է տալ այդ տարածքի տերը, թե այլ տնակ կկառուցի, թե ոչ:

Նա տեղեկացրեց, որ բոլոր սեփականատերերին ծանուցել են շինությունների ապամոնտաժման մասին. «Էական չէ, թե տնակը որքանով է կոլորիտային, եթե ջրի տակ է մնալու»,- ասաց Հունանյանը և նշեց, որ շինությունները կվերակառուցվեն թե ոչ, կորոշեն տնտեսվարողներն ու համապատասխան շինթույլտվությունը:

Արայիկ Հունանյանը քանդվող շինությունների թիվ չնշեց, քանի որ քանդման աշխատանքների նախագիծն իրենց մոտ չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում