Նավթամթերքի շուկայում մենաշնորհները չեն վերացել. ՀՀ վարչապետ

Նավթամթերքի շուկայում մենաշնորհները չեն վերացել. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am: «Համաձայնագրի ստորագրմամբ հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքն ավելի բարելավված պայմաններով ներկրել, որը ենթադրում է, որ մեր վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն է ստեղծվելու»,- կառավարության նիստում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Վերջինս ձայնի իրավունք խնդրեց «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ղազախստանի Հանրապետության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցի քննարկման ժամանակ:

Հարցը զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշեց. «Համաձայնագրով նախապես համաձայնեցված անվանացանկով և չափաքանակներով ԵԱՏՄ՝ ԱՏԳ ԱԱ-27 խմբում դասակարգվող ապրանքների Ղազախստանից Հայաստան առաքումն ազատվում է մաքսատուրքի գանձումից: Կողմերը մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են Հայաստանի ապրանքների ներքին սպառման արտադրության ներմուծման և արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում և միջգերատեսչական արձանագրության կնքմամբ արձանագրում են Ղազախստանի Հանրապետությունից ՀՀ առաքվող ապրանքների ցանկը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ Հայաստանում մենաշնորհային երևույթները նավթամթերքի շուկայում մեղմացել են, բայց չեն վերացել:

«Սա մեր քաղաքական հանձնառությունն է, որ մենք պետք է Հայաստանում մինչև վերջ, անմնացորդ որևէ արհեստական մենաշնորհ թույլ չտանք, որովհետև դա առաջին հերթին ազդում է քաղաքացիների, սպառողների իրավունքների պաշտպանության վրա»,- նկատեց վարչապետը:

ՏՄՊՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը շեշտեց, որ ՌԴ-ից ձեռք բերվող նավթամթերքը ևս ազատված է մաքսատուրքից և այն հավասար պայման կստեղծի նաև այլ շուկաներից ներկրման համար, և տնտեսավարող սուբյեկտները կկարողանան ավելի մեծ ծավալի ու հավասար պայմանով բենզին ներկրել:

Վերջինս համոզված է, որ որոշմամբ հանրապետության շուկան կդիվերսիֆիկացվի և կհայտնվեն նոր խաղացողներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում