Հայաստանի ասորական համայնքը դատական հայցով Հայ առաքելական եկեղեցուց պահանջում է վերադարձնել Դիմիտրով համայնքի եկեղեցին (տեսանյութ)

Հայաստանի ասորական համայնքը դատական հայցով Հայ առաքելական եկեղեցուց պահանջում է վերադարձնել Դիմիտրով համայնքի եկեղեցին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիան Արարատի մարզի Դիմիտրով գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին ասորական համայնքին վերադարձնելու պահանջով դիմել է դատարան։

Եկեղեցու շուրջ վիճաբանությունը սկսվել է դեռևս 2007 թվականին։ Խնդրի վերաբերյալ «Խայադթան» դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առաջարկել են հանձնաժողով ստեղծել՝ ուսումնասիրելու համար պատմական փաստերը և որոշելու, թե ումն է եկեղեցին, սակայն բոլոր տեղերից մերժում են ստացել։

«Եկեղեցին, որը վիճարկվում է, 1868 թ-ին կառուցվել է ասորիների կողմից։ Պարզվում է, որ 2018 թ-ին ինչ-որ նվիրատվություն է եղել՝ մեր եկեղեցին Էջմիածնին։ Ստիպված էինք տալ դատարան, որ ապացուցենք՝ եկեղեցին ասորական է, ասորի ժողովրդի ժառանգությունն է, հետևաբար, դա պետք է վերադարձվի մեզ»,– ասաց Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը։

Ասորական Դիմիտրով և հայկական Մասիս գյուղերում 1 կմ հեռավորությամբ 2 եկեղեցի է եղել, ասորական համայնքի պնդմամբ՝ հայկական եկեղեցին խոնարհվել է, իսկ ասորական եկեղեցին Հայ առաքելական եկեղեցին ներկայացնում է որպես հայկական։

«Հիմա իրենք այդ հայկական եկեղեցու փաստաթղթերը փորձում են ներկայացնել որպես մեր ասորական եկեղեցու փաստաթղթերը։ Երբ հարց բարձրացրի՝ ուր է ձեր Մարիամ Աստվածածին եկեղեցու փաստաթղթերը, ասում են՝ չկա։ Ինչպես կարող է հայկական եկեղեցու, այն խոնարհված եկեղեցի է, փաստաթղթերը բացակայեն։ Բացակայում են մեր եկեղեցու փաստաթղթերը, քանի որ այն ուղղափառ է և երբևէ չի գրանցվել ո՛չ Էջմիածնում, ո՛չ Ազգային արխիվում։ Սակայն իրենք դա ներկայացնում են որպես մեր եկեղեցու փաստաթուղթ»,– ասաց նա։

Իրինա Գասպարյանը նաև նշում է, որ 2007 թ-ից հետո եկեղեցու 7 ուղղափառ սրբապատկերներն անհետացել են։

«Մենք ունենք գյուղացի, որը հայ էր, դարձել է հայ առաքելական եկեղեցու հոգևորական, սակայն նա ինչ-որ մի հարցով նեղացել էր և ասաց՝ դե կտեսնեք ձեր հալը, և այդ ամենից սա սկսվեց՝ 2007-2008 թ-ից։ Նա սկսեց վրեժ լուծել ասորի ժողովրդից»,– նշեց Իրինա Գասպարյանը։

Խնդրի վերաբերյալ Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումն իմանալու համար Tert.am-ը կապ հաստատեց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ։

«Մենք այս թեմային վաղուց մանրամասն փաստերով անդրադարձել ենք։ Մեր դիրքորոշումը հստակ է, որ դա Հայ առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցի է, դրա համար կան շատ հստակ փաստեր, արխիվային նյութեր։ Qahana.am-ում մանրամասն ամեն ինչ ներկայացված է»,– նշեց նա։

Այսօր՝ հուլիսի 7-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց, քանի որ պատասխանող կողմը՝ Հայ առաքելական եկեղեցին, պատշաճ ծանուցված չի եղել դատական նիստի անցկացման ժամանակի, վայրի մասին։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում