Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը»

Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը»

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒLԻՍԻ, Times.am: Տարիներ շարունակ Հայաստանյան տարբեր շրջանակների քննարկման առարկա է հանրակրթության ոլորտն ու դրա խնդիրները։ Խնդիրներն, անշուշտ, բազմաշերտ են՝ ուսուցիչների աշխատավարձերից սկսած, տրվող գիտելիքի մրցունակությամբ ավարտած։

Տարբեր ժամանակահատվածներում հարցը ակտիվացել է, քննարկվել, հաճախ քաղքական դիվիդենտներ հավաքելու միջոց դարձել, բայց այդպես էլ մնացել չլուծված։

Թվում է՝ վաղուց ժամանակն է անցում կատարելու կոնցեպտուալ լուծումների՝ զբաղվելու ուսուցչական կազմի վերապատրաստմամբ և ատեստավորմամբ՝ պետական միջոցներով, վերանայելու հասարակ ուսուցչի աշխատավարձը և լցնելու նրա և նախարարի աշխատավարձերի միջև եղած խորը «անդունդը», վերանայելու առարկաների դասավանդման մեթոդիկան, օտար լեզուներ սովորելու համար համապատասխան կահավորմամբ դասարաններ ստեղծելու (գոնե մեկը՝ ամեն դպրոցում), բնագիտական առարկաների համար նախատեսված լաբորատորիաներ բացելու։

Բայց, արի ու տես, հանրակրթության ոլորտի առաջընթացին «խանգարում» է «Եկեղեցու պատմություն» առարկան։ Հանրակրթության ոլորտին, անշուշտ, «խանգարում» են նաև «Ռազմագիտությունը», «Հայոց լեզվի» դասաժամերը։ Ամեն դեպքում, ոլորտի պատասխանատուների քայլերից սա է հասկացվում։

Իհարկե, չի կարելի չհամաձայնել, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի (ինչպես գրեթե բոլոր առարկաների) դասավանդման մեթոդաբանությունը հաճախ ամենաարդյունավետը չէ, հաճախ դա դասավանդվում է ոչ ամենակոմպետենտ մասնագետների կողմից։ Սակայն, երբ մարմնի մասը ցավում կամ հիվանդանում է, այն ոչ թե կտրում, այլ՝ բուժում են։

Էդուարդ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում