Արցախ մուտք գործելու պահանջները խստացվում են

Արցախ մուտք գործելու պահանջները խստացվում են

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am: ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, որով ավելի են խստացվում ԱՀ մուտք գործելու պահանջները: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Հետայսու Արցախի Հանրապետության քաղաքացիների համար գործում է մուտք գործելու հետևյալ կարգը.

ԱՀ սահմանը հատելու համար Արցախի Հանրապետության քաղաքացիները անցակետում պետք է առողջապահության նախարարության մասնագետներին ներկայացնեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի պատասխանը՝ երեք օրից ոչ ավելի վաղեմության: Եթե Արցախի Հանրապետության քաղաքացին անցակետում չի ներկայացնում թեստի պատասխանը, ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցները տեղում վճարովի հիմունքներով իրականացվում են նմուշառում ՊՇՌ հետազոտության նպատակով:

Թեստի պատասխանը բացասական լինելու դեպքում, իսկ թեստի պատասխան չներկայացվելու դեպքում՝ նմուշառում իրականացվելուց հետո, բոլոր անձինք ենթակա են ինքնամեկուսացման՝ բացառությամբ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի: Իսկ դրական պատասխանի դեպքում կիրառվում է հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցներ:

Պարտադիր թեստավորման պահանջից բացառություններ են արվում մինչև վեց տարեկան երեխաների, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի, ՊԲ կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի համար, ինչպես նաև Պարետի ցուցումով՝ բացառիկ դեպքերում:

ՊՇՌ թեստի գումարը մասնակի սուբսիդավորվելու է կառավարության կողմից, ինչի արդյունքում այն արժենալու է 7000 դրամ:

ՀՀ կամ արտերկրի քաղաքացիների համար Արցախի Հանրապետություն մուտքը թույլատրվում է միայն պարետի N 1 որոշմամբ սահմանված պայմաններին բավարարելու, ԱՀ տարածք մուտք գործելու թույլտվություն ստանալու և սահմանային անցակետում երեք օրից ոչ ավելի վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու դեպքում:

ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պարտադիր պահանջից բացառություն է արվում բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց, հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով՝ հանգուցյալի մերձավոր ազգականների՝ հանգուցյալի ծնողների, ամուսնու, կնոջ, երեխաների, քրոջ և եղբոր, պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի համար, ինչպես նաև պարետի ցուցումով՝ բացառիկ դեպքերում:

Թեստի պատասխանը չներկայացնելու, ներկայացված թեստի պատասխանը դրական լինելու կամ հատուկ զննությամբ վարակի ախտանիշների հայտնաբերման դեպքում արգելվում է անձանց մուտքը Արցախի տարածք:

ՀՀ կամ արտերկրի քաղաքացիների համար Արցախի սահմանային անցակետում ՊՇՌ թեստավորում (նմուշառում) առայժմ չի իրականացվում՝ հաշվի առնելով տեղի լաբորատորիայի սահմանափակ հնարավորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում