Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը. Հայկ Մանասյան

Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը. Հայկ Մանասյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Ողջախոհության նշաններ է ցույց տալիս պարետատունը, շատ լավ է՝ հասկացան, որ շնչառական ուղիների խնդիրներ, թթվածնի առաձնակի կարիք ունեցող անձինք պետք է դիմակներ չկրեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը՝ անդրադառնալով պարետատան որոշմանը, որ քրոնիկ շնչառական հիվանդություններ, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են դիմակ չկրել:

«Ես այն համոզմունքին եմ, որ քանի դեռ ապացուցողական բժշկությունը չի բացահայտել բաց տարածքներում դիմակներ կրելու վնասները, կողմնակի էֆեկտները, դա չի կարելի հարկադրել մարդկանց տուգանելով: Դու պետք է ապացուցած լինես, նոր հարկադրես, եթե չես ապացուցել, իրավունք չունես հարկադրել: Այդ ճոռոմացնելը, թե կյանքեր է փրկում, ի՞նչ է, կյանքերի մասին մտածում են, թող տոտալ արգելեն ծխելը: Արգելեք, հարկադրեք, ոչ թե դրա մասին բարեմաղթանքներ ու բաժակաճառեր ասեք, այլ ուղղակի արգելեք, այ էն ժամանակ կիմանաք կյանքեր փրկելը որն է: Հիմա սա լիքը մարդկանց սրտով չի լինելու, բայց այսպես են հարցերը լուծում, եթե իշխանություն կա ձեռքդ, հարցեր լուծիր, ոչ թե ձևական բաներ արա»,- ասաց նա:

Ըստ Մանասյանի՝ բաց տարածքում դիմակ չկրելը պետք է բոլորին վերաբերի, բայց էլի լավ է, որ ողջախոհության նշաններ կան և գոնե հիվանդներին ազատում են այդ չհիմնավորված հարկադրանքից:

Հարցին՝ սա լրացուցիչ խնդիրներ չի՞ առաջացնի ապացուցելու տեսանկյունից, ինչպե՞ս պետք է պարզեն, որ դիմակ չկրողը նման առողջական խնդիրներ ունի, Մանասյանը պատասխանեց. «Այդ պացիենտները հիմնականում տարիքով պացիենտներն են, հիմնականում 50-ն անց անձինք են: Ոստիկանները պետք է 50-ն անց անձանց այլևս չանհանգստացնեն, իսկ մինչև 50 տարեկան անձանց երևի կմոտենան ու բժշկի թուղթ կուզեն»:

Մանասյանը նշեց, որ լավատեսական կանխատեսում է ցանկանում անել. «Գուցե պարետատունն ուզում է քայլ առ քայլ դիմակներից ազատվի և սա առաջին քայլն է դեպի բաց տարածքներում դիմակից հրաժարվելու քաղաքականությանը: Փակ տարածքներում, օրինակ՝ տրանսպորտում, տաքսիներում պետք է դիմակներ կրեն, դա ես չեմ քննարկում, բայց բաց տարածքներում ինչո՞ւ պետք է դիմակով լինեն, առվել ևս որ մեծամասնությունը նորմալ չի կրում, ինչպես հարկն է այդպես չի կրում»,- նշեց նա:

Բանախոսն ընդգծեց՝ ամռանը դիմակը խոնավանում է, իսկ խոնավացած դիմակը մեծ պրոբլեմ ունի, դառնում է բակտերիաների աղբանոց, իսկ վիրուսներից էլ չի պաշտպանում: «Հիմա դա կրում են մարդիկ ամբողջ օրը որ ի՞նչ անեն: Պետք է մի կողմ դնել այդ կապրիզները, հարցին ավելի խելամիտ նայել, մանավանդ, համաճարակը Հայաստանում անցնում է նվազման փուլ, ծանրաբեռնվածությունը շատ չէ, բայց աննշան քանակի սկսել է թուլանալ, էդ էլ չեն ասում դեռ, բայց շուտով կտեսնեք»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ պնդում է, որ ամռանը դիմակները քրտնելու հետևանով երեք րոպեից խոնավանում են և պետք է փոխել դրանք, բացի այդ, նա դիտարկում էր արել առողջապահության նախարարի հետ կապված, որը ասուլիսին քրտնած դեմքը սրբել էր, իսկ դիմակը չէր փոխել, նա ասաց. «35 աստիճան շոգին ցանկացածը դուրս գա փողոց կզգա, թե քանի րոպեից կքրտնի դեմքը: Դիմակի տակ դեմքը քրտնում է ավելի շուտ, քան ճակատը կամ դեմքի մնացած մասերը: Հիմա, նախարարը հարցազրույցի ժամանակ ակնհայտ ցույց է տալիս, որ իր դեմքը քրտնել է, ինչը նշանակում է դիմակի տակ կա քրտնած դեմք և կա խոնավացված դիմակ ու այն պետք է փոխվի, ըստ օրենքի, ըստ կարգի: Եթե դա ձևականության համար չի դրված, պետք է փոխվի»:

Մանասյանը, միևնույն ժամանակ նշեց, որ չի ասում, թե դիտավորություն է նախարարի կողմից, ինքը ցանկացել է ցույց տալ, որ բոլորս, այդ թվում նախարարը իր հանած որոշումներին չի կարող հետևողական լինել, որովհետև 35 աստիճան տաքության պայմաններում, անհնար է, որ ինչ-որ մեկը հետը տուփերով դիմակ ման տա, որ 3 կամ 5 րոպեն մեկ փոխի:

«Խոսնակն ասում է՝ արագ-արագ է եկել, լավ է արել, դա ի՞նչ կապ ունի: Եթե հարկադրում են մարդկանց դիմակ կրել անգամ եթե նստած ես սաունայում, պատրաստ եղիր երեք րոպեն մեկ դիմակ փոխելուն, իսկ եթե չես փոխում, ուրեմն չես տեսնում, որ այդ որոշումը քեզ համար էլ է բեռ, մեզ համար էլ է բեռ»,- ընդգծեց նա:

Բժիշկը շեշտեց՝ մեզ մոտ ընդունված է ձևական կողմը պահել, իսկ տակից ունենալ փտած վիճակ: «Հիմա ազգովի վերցրել ինչ-որ ձևական կողմ ենք պահում բովադակությունը կորցրած: Նախկինում, որ պետք է 3-4 ժամը մեկ փոխեին, չէին փոխում ուր մնաց հիմա, մարդիկ օրերով տաքսու մեջ դիմակը հայելիից կախում էին, երբ պետք էր դնում էին, ես չեմ մեղադրում մարդկանց: Հիմա թող օրենք հանեն, որ բոլորը պետք է քուրքով ման գան, չեն անի, արած որոշումը պետք է մարդկանց համապատասխան լինի: Տղա- աղջիկ այգում համբուրվում են, գնում տուգանում են, ասում են դուք առանց դիմակների եք»,– հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, որ առնվազն մեկ անգամ էլ պետք է արտակարգ դրությունը երկարաձգեն, նա նշեց. «Շատ իզուր են անելու, առաջին անգամը ձեն չհանեցինք, վստահեցինք, որ մի բան գիտեն որ անում են, երկրորդ անգամը շատ էր, սա արդեն չորրորդը կլինի, արդեն չափն անցնում են, սրա համար ես բողոք եմ ներկայացնելու: Արտակարգ ռեժիմը լկստված երեխու խաղալիք չէ, ոնց ուզենա քշի: Ես չեմ ուզում իմ հավատը, վստահությունը կորցնեմ մեր իշխանությունների ողջախոհության նկատմամբ, իսկ իրենք ամեն ինչ անում են, որ այդ հավատը սպառվի, չի կարելի այդպես: Սա ավելորդ կլինի: Եթե ինչ-որ այլ խնդիր կա, որը մեզ չեն ուզում ասել, թող ուրիշ մեխանիզմներ մտածեն, արտակարգ ռեժիմը պետք չէ սարքել խաղալիք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում