Հայագիտական առարկաների ժամերը կրճատելն անթույլատրելի է, մեզ փորձում են շեղել մեր ճանապարհից. Դավիթ Գասպարյան (տեսանյութ)

Հայագիտական առարկաների ժամերը կրճատելն անթույլատրելի է, մեզ փորձում են շեղել մեր ճանապարհից. Դավիթ Գասպարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Հայոց եկեղեցու պատմության դասընթացը դպրոցից հանելը հանրակրթության առաջնահերթ խնդիրը չէ, դպրոցական կրթությանը պետք է մոտենալ համակողմանիորեն, և մի առարկա հանելով կամ ժամեր կրճատելով՝ որևէ խնդիր չի լուծվում: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել գրականագետ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանը:

«Դասաժամերի կրճատումը պետք է խելամիտ լինի, բխի դպրոցի և ուսուցման շահերից: ԿԳՄՍ փոխնախարարն ասում է, թե մյուս դասաժամերին միևնույն է հայերեն են խոսում, և կարելի է հայոց լեզվի ժամերը կրճատել: Հայոց լեզվի ընդհանուր որակն այսօր անհաջող է, պատգամավորներն ու նախարարները գրագետ չեն խոսում, սխալները շատ են: Այդ պատճառով դպրոցում պետք է լիարժեք և ամբողջական լեզվական կրթություն տալ: Չի կարելի կրճատել դպրոցում և բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի, գրականության և հայոց պատմության ժամաքանակները»,– ասել է գրականագետը:

Ըստ Գասպարյանի՝ ԿԳՄՍ նախարարության քայլերի տրամաբանությունն ակնհայտ է. դեռևս 2018-ի ամռանը փակեցին Կրթության ազգային ինստիտուտը, դադարեցրին դպրոցին հասցեագրված տասն ամսագրի տպագրությունը, սեռափոխի մասին ֆիլմ ֆինանսավորեցին, «Հուզանք ու զանգ» չստացված ներկայացում բեմադրեցին. «Իշխանությունը հանուն Հայաստանի ապագա սերունդների պիտի գործի, ոչ թե շեղի մեզ մեր ճանապարհից: Այս անփութությունը ճակատագրական է դառնում ազգի համար: Ուսուցիչների հետ տարվող աշխատանքը դադարեցված է, տեղի չեն ունենում ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները: Մենք անփույթ վարվեցինք մեր ապագա սերնդի հանդեպ, հանրակրթության որակը սարսափելի ընկել է»:

Պրոֆեսորի կարծիքով՝ հարկավոր է հասկանալ՝ ո՞ւմ համար ենք ջանք թափում, երեխաներին կրթության տալիս, եթե նրանք պիտի արտագաղթեն. «Մեր երեխաները կրթվում են, ապա գնում Ռուսաստան, դա ո՞ւմ է պետք: Արայիկ Հարությունյանը պաշտոն ստանձնելով՝ կատարում է հանձնարարություններ, հայագիտական առարկաների ժամերն է կրճատում, դա լավ բանի չի հանգեցնելու: Ամեն ինչ պետք է բխի հայի, Հայաստանի և հայկականության շահերից»:

Դավիթ Գասպարյանի պնդմամբ՝ դասագրքերի համար պետք է մեկ-երկու տարի առաջ մրցույթ հայտարարվի, և հրատարակչությունները պիտի մասնակցեն դրան, բայց հիմա նման մրցույթներ չեն կայանում. «Դասագրքերի մեծագույն մասը հանձնարարված է «Զանգակ» հրատարակչությանը: Անօրինական քայլեր անելու իրավունք չունեն, դասագիրքը պետք է մրցույթով մտնի դպրոց: Սա ճիշտ գործելակերպ չէ: Դասագրքեր են փոխում, փոխանակ քննարկում անեն, վերլուծեն. չէ՞ որ որակյալ դասագրքի համար շատ քննարկումներ է պետք անել»:

Գրականագետի պնդմամբ՝ հանրակրթության պետական չափորոշիչը պետք է հանրային քննարկման դրվի, նոր ընդունվի, սխալները պետք է ժամանակին կանխվեն: «Ամեն օր՝ առավոտից երեկո, քաղաքական հարցեր ենք քննարկում: Մարդիկ հոգնել են այդ ամենից: Հարազատները երկու բառ փոխանակելուց հետո քաղաքական իրավիճակից են խոսում, ամուսիններ ու ընկերներ են գժտվում իրար հետ, սա մեր բարոյական անկումն է, պարտությունը»,- ամփոփել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում