Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից

Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, Tert.amՍերբիայի նախագահն օրեր առաջ հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճի պատճառով ստիպված են շաբաթվա վերջում մայրաքաղաք Բելգրադում խստացնել հակահամաճարակային սահմանափակումներն, այդ թվում՝ արգելափակել քաղաքը:

Վուչիչի այս հայտարարությունից հետո հուլիսի 8-ին հազարավոր դժգոհ քաղաքացիներ Բելգրադի կենտրոնական հրապարակում էին հավաքվել՝ երկրի խորհրդարանի դիմաց: Նրանք վարակի տարածման համար երկրի իշխանություններին էին մեղադրում՝ հայտարարելով, որ չեն պատրաստվում ևս մեկ անգամ մայրաքաղաքի արգելափակման պատճառով ահռելի վնասներ կրել: Մի խումբ ցուցարարներ, ճեղքելով ոստիկանական պատնեշը, կոտրել էր խորհրդարանի մուտքի դուռն ու շենք ներխուժել, բայց րոպեներ անց ոստիկանական ուժերը նրանց դուրս էին բերել այդտեղից:

Բողոքի զանգվածային ցույցերը Բելգրադում շարունակվել էին նաև հուլիսի 9-ին: Երկրի այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ բախումներ էին գրանցվել ցուցարարների և ոստիկանների միջև, հաղորդվել էր, որ դրանց ընթացքում լրագրողներ ու ոստիկաններ են տուժել:

Թեև Սերբիայի իշխանությունները ցուցարարներին փողոցներից տուն ուղարկելու նպատակով հրաժարվել են սահմանափակումները խստացնելու իրենց որոշումից, սակայն սահմանափակվել է 10 մարդուց ավելի մասնակցությամբ հավաքների անցկացումը, ինչպես նաև՝ աշխատանքային ժամի ավարտ է սահմանվել երեկոյան ժամը 9-ը:

7 միլիոն բնակչություն ունեցող Սերբիայում մինչ այժմ կորոնավիրուսով վարակման 16 168 դեպք է գրանցվել, մահացել է 330 մարդ: Թվերը, սակայն, գնալով աճում են, և վերջին մեկ օրում վարակման 299 և մահվան 13 նոր դեպք է գրանցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում