Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան

Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Ներքին տուրիզմի ոլորտում գնանկում է նկատվում, նույնիսկ մարդիկ գոյատևման, աշխատատեղ պահելու խնդիր են լուծում և էականորեն ցածր, նույնիսկ ինքնարժեքից ցածր գներ են առաջարկում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը` անդրադառնալով ներքին զբոսաշրջության խնդիրներին:

Նա չհամաձայնեց, որ անցած տարվա համեմատ գները կարծես չեն իջել և նշեց, որ զբոսաշրջային շատ փաթեթներ կան, որոնք շատ ցածր գներ են առաջարկում: «Հիմա կայուն գնային վիճակ չէ, որ համեմատենք անցած տարվա հետ, բայց տնտեսագիտական բոլոր տեսակի հաշվարկներից շեղված, նույնիսկ ինքնարժեքից զգալի ցածր գնային առաջարկներ կարող ենք տեսնել, իսկ ներքին մեկօրյա, երկօրյա փաթեթները նույնիսկ 50 տոկոսից ավելի ցածր գներ են առաջարկում»,-ասաց նա:

Մեխակ Ապրեսյանը նկատեց, որ հյուրանոցները, հյուրատները ամբողջությամբ զբաղված չեն, կիսադատարկ են, զբոսաշրջությունը դեռ նոր է սկսում վերականգնվել: Ըստ նրա՝ եթե ցանկանում ենք, որ վերականգնման գործընթացն արդյունավետ լինի, ապա պետք է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման շրջանակներում զբոսաշրջության ոլորտին նպատակային և հասցեական աջակցություն տրամադրվի:

«Մենք չպետք է հույսը դնենք նրա վրա, որ ոլորտը փլուզումից կփրկվի ներքին տուրիզմով: Եթե չլինի պետական աջակցություն, ապա գնանկումը կարող է շարունակական լինել և դրան էլ գումարվի անբարեխիղճ մրցակցությունը՝ հարկեր չվճարելով, ցածրորակ ծառայություններ մատուցելով, գնանկման պրոցեսը շարունակվի, և շուկան կարող է դրանից խաթարվել»,- ասաց նա՝ նշելով, որ եթե ուզում ենք ներքին զբոսաշրջությունը մրցունակ լինի, ապա պետք է ամեն ինչ անել, որպեսզի սահմանները բացելու պարագայում ևս լինի մրցունակ:

Մեխակ Ապրեսյանը նաև կարևոր համարեց համապատասխան հարկաբյուջետային այնպիսի քաղաքականություն վարելը, ինչը կնպաստի ներքին զբոսաշրջության զարգացմանը: Նա նկատեց, որ պետությունն անելիք ունի սոցիալական փաթեթի առաջարկի համակարգում, որ մասնավորին էլ հնարավորություն տրվի օգտվել այդ փաթեթներից, սակայն այստեղ նա խոչընդոտ է տեսնում: Ըստ Մեխակ Ապրեսյանի՝ գործող օրենքով, եթե գործատուն ցանկանա և ունենա հնարավորություն իր աշխատողին սեփական միջոցներով ուղարկել հանգստանալու Հայաստանի, Արցախի տարածքում, այդ դեպքում իր կողմից կատարած ծախսը շահութահարկի հաշվարկի մեջ ծախս չի դիտարկվում, ինչը խոչընդոտ է, և իրենք առաջարկում են անել օրենսդրական փոփոխություն և դա նույնպես համարել ծախս:

Պրոֆեսիոնալ գիդերի ասոցիացիայի փոխտնօրեն Լիա Բախշինյանը նշեց, որ հիմա իրենց մոտ ոլորտը կանգնած է, ոչ մի շարժ չկա: «Բոլորս արդեն քանի ամիս է՝ անգործ նստած ենք: Մեծ հաճույքով տեղացիների հետ կաշխատենք, սակայն նրանք կարծում են, որ ամեն ինչ գիտեն և առանց գիդերի կարող են գնալ, և միայն հիմնականում մեքենայի ծառայությունից են օգտվում: Նրանք մտածում են՝ գան նստեն, ուտեն, քան մոտենան պատմական հուշարձանները տեսնեն և հասկանան, դրանց պատմությունը»,- ասաց նա և նշեց, որ որոշ տուրիստական ընկերություններ կան, որոնք իրենց ծառայություններում ներառում են գիդի ծառայությունը:

«Մենք մեր էքսկուրսիաների ժամանակ հայրենասիրությունը զարգացնում ենք: Պետությունը պետք է քարոզի՝ Հայաստանը ավելի լավ ճանաչելու համար»,- ասաց նա և նշեց, որ գիդի ծառայության գները կիսով չափով իջել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում