Հայաստանում աղետ է, և քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, դա շարունակվելու է. Միքայել Մինասյան

Հայաստանում աղետ է, և քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, դա շարունակվելու է. Միքայել Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: «Ես ստացել ու ստանում եմ հազարավոր հարցեր և հասկացել եմ, որ չեմ կարողանալու դիմանալ, և դուք չեք կարողանում դիմանալ, որովհետև ստիպում եք ինձ, որպեսզի ես անդրադառնամ ու պատասխանեմ, նաև, ինչու ոչ, արդարանամ»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է Միքայել Մինասյանը։

Նրա խոսքով, շատ են հարցերը, որոնց հիմքում նեղացածությունն ու մեղադրանքներն են: Պատասխանելով օգտատերերից մեկի՝ Լիանա Խաչատրյանի հարցին, թե ինչու է դադարեցրել տեսանյութերը, ինչու է դուրս եկել պայքարից, և կամ խոսակցություններ կան, որ պայմանավորվորվել է Նիկոլ Փաշինյանի հետ, դրա համար է դադարեցրել տեսանյութերը, և ինչ է ուզում Միքայել Մինասյանը, Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպանն ասել է.

«Ուզում եմ, որ կորոնավիրուս այլևս չլինի։ Հարգելի Լիանա, ես չեմ դադարեցրել պայքարը և չգիտեմ, թե ինչու եք Դուք դա ասում։ Ես Ձեզ խոսք եմ տվել և խոսք եմ տալիս, որ մենք իրար հետ վռնդելու ենք Նիկոլ Փաշինյանին ՀՀ իշխանության ղեկից, որովհետև այնտեղ նա նստած, զբաղված է միայն սեփական փառք և փող աշխատելով և կործանելով Հայաստանի Հանրապետությունը և նրա ժողովրդին։ Մենք պարտավոր ենք միասին վռնդել Նիկոլ Փաշինյանին»:

Միքայել Մինասյանն ասել է, որ ինքն իրավունք չունի Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել, իր խոսքով՝ կարող էր պայմանավորվել, երբ առաջարկություն ստացավ Հռոմում, կամ երբ Նիկոլ Փաշինյանը մարդ ուղարկեց և հեռախոսով խնդրեց պայմանավորվել իր հետ քրեական հետապնդումը դադարեցնելու դիմաց դադարեցնել «Ստի վերջը»:

«Հիմա դա ես նույնիսկ չեմ կարող մտածել։ Այստեղ միանգամից անցնեմ կորոնավիրուսին։ Ձեզ հետաքրքրում է, թե երբ է կորոնավիրուսը վերջանալու: Չի վերջանալու, որովհետև կորոնավիրուսը կվերջանա, երբ պետությունը կպայքարի, իսկ Նիկոլ Փաշինյանը երբեք ոչ մի վայրկյան չի պայքարել կորոնավիրուսի դեմ։ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսը սարքել է իր ամենամտերիմ ընկերը, որովհետև օգտագործելով կորոնավիրուսը՝ նա կարողանում է հիմա բացատրել Հայաստանի ժողովրդին, թե ինչու են մարդիկ ամեն օր ապրում ավելի վատ, քան նախորդ օրը․ պատասխանը՝ կորոնավիրուսը։ Ո՛չ, դա սուտ է, կորոնավիրուսը բացարձակ կապ չունի, որովհետև նիկոլ Փաշինյանը ձախողել է Հայաստանի տնտեսական զարգացումը և դա արել է մինչև կորոնավիրուսը»,- ասել է Միքայել Մինասյանը։

Ըստ Մինասյանի՝ Փաշինյանն օգտագործում է այս շրջանը, որպեսզի անցկացնի ազգային ժողովում օրենքներ, որոնք բացարձակ կապ չունեն ո՛չ կորոնավիրուսի, ո՛չ էլ տնտեսության հետ։

«Լանզարոտեի պայմանագիրը վավերացնելը բացարձակ կապ չունի ոչ մի իրականության հետ, բայց, քանի որ մարդիկ չեն կարող գնալ ու պայքարել այդ խայտառակ, հակահայկական համաձայնագրի դեմ, նա անում է դա ասելով, որ կորոնավիրուս է»,- նշել է Մինասյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին և կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, Մինասյանն ասել է, որ «Փաշինյանն ու իր ոհմակը սպանել են ավելի քան 700 մարդու, որովհետև ավելի քան 700 մարդ Հայաստանի Հանրապետությունում մահացել են հիվանդության պատճառով»։

«Որպեսզի Դուք պատկերացնեք, դա մի գյուղ է: Հայաստանի Հանրապետությունում հիմա սպանված է մի գյուղ, այնպիսի գյուղ, ինչպիսին է, օրինակ, Սյունիքի մարզի Դավիթ Բեկը կամ, օրինակի համար, Լոռու մարզի Հաղպատ գյուղը կամ Տավուշի Բաղանիս գյուղը»,- ասել է Միքայել Մինասյանը։

Նրա խոսքով, մի գյուղ Նիկոլ Փաշինյանը և իր գլխավորած իշխանությունը մտել են մի գիշերում ու սպանել են։ «Դուք ինձ մեղադրում եք կամ հարցնում եք, թե ես պայմանավորվել եմ մարդասպանի հե՞տ։ Ես չեմ կարող, ես իմ բոլոր սխալներով միշտ քնել եմ խիղճս հանգիստ և հիմա էլ եմ խիղճս հանգիստ։ Իսկ այն մարդիկ, որոնք փորձում են պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, հիշեք, որ դուք պաշտպանում եք մի մարդասպանի, որի պատճառով մահացել է արդեն մի գյուղ ժողովուրդ։ Երբ դուք ասում եք՝ գիտեք ինչ, աշխարհում կորոնավիրուս է, մեր մոտ է կորոնավիրուս, ոչ, դուք ստում եք, քանի որ, երբ իրականում համեմատում եք Հայաստանն այլ նորմալ երկրների հետ, մենք հասկանում ենք, որ Հայաստանում աղետ է, և քանի կա Նիկոլ Փաշինյանը, դա շարունակվելու է, և չկա լույս թունելի վերջում, որովհետև թունելի վերջում կա նիկոլ Փաշինյանը»,- ասել է Միքայել Մինասյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում