Ինչո՞ւ պետք է Եվրոպական դատարանը մեզ վերաբերվի որպես ժողովրդավար երկիր. Միքայել Մինասյան

Ինչո՞ւ պետք է Եվրոպական դատարանը մեզ վերաբերվի որպես ժողովրդավար երկիր. Միքայել Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: «Հայաստանում վերջին 20 տարվա ընթացքում շատ հետաքրքիր տենդենց կար, երբ հայկական երիտասարդության, երևի ամենալավ սերուցքը, սկսեց կրել արևմտյան արժեքներ»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է Միքայել Մինասյանը։

«Ի դեպ, նույն վիճակը 1910-1915 թվականի ընթացքում էր, երբ Պոլիսից երիտասարդները գնում էին ուսում ստանալու եվրոպական լավագույն համալսարանները և վստահ լինելով, որ արևմտյան արժեքները արտացոլված են լինելու քաղաքականության մեջ՝ նրանք վերադարձան և սկսեցին պայքարել Օսմանյան կայսրության դեմ»,- ասել է նա:

Միքայել Մինասյանի խոսքով, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը, այդ երիտասարդներն անկեղծ վստահ էին, որ օգնության կհասնեն արևմտյան այդ արժեքներով և կփրկեն հայերին, քանի որ հայերը ճիշտ էին։

«Ես շատ եմ ուսումնասիրել այս շրջանը, որովհետև այդ սերուցքը ուսում էր ստացել այն դպրոցում, որն ավարտել եմ նաև ես, և ցավով եմ կարդացել Մկրտիչ Պեշիկթաշլյանի և Դանիել Վարուժանի նամակները։ Այդ նամակներում կա խոր ցավ և խոր հիասթափություն»,- ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ նույն հիասթափությունն ապրում են այն երիտասարդները, որոնք վերջին 20 տարվա ընթացքում գնում էին, և ուսում ստանալով արևմտյան համալսարաններում, վերադառնում էին Հայաստան՝ վստահ լինելով, որ արևմտյան արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը համընդհանուր են՝ անկախ քաղաքական այս կամ այն շահից։

«Կան ինչ-որ բաներ, որոնք կան ու լինելու են։ Ես շատ մեծ քմծիծաղով նայում եմ այդ մարդկանց աչքերին, որովհետև այնտեղ կա ցավ, իմ ընկերներն են նրանցից շատերը, որոնք, օրինակ, չեն հասկանում դեսպանատների լռությունը, միջազգային հանրության լռությունը, որովհետև իրենք պետք է հասկանան և առնչվեն իրականության հետ։ ՀՀ այսօրվա ղեկավարությունը Հայաստանից սարքեց 3-րդ երկիր, իսկ 3-րդ երկրներում արժեքային համակարգ չկա, 3-րդ երկրներին վերաբերվում են որպես 3-րդ երկիր։ Ինչո՞ւ պետք է Եվրոպական դատարանը մեզ վերաբերվի որպես ժողովրդավարական երկիր, երբ անգամ մենք ինքներս ժողովրդավար չենք։ Մենք մեզ դարձրեցինք այդպես, Նիկոլ Փաշինյանը դարձրեց «страна изгой»։ Եթե դուք սպասում եք եվրոպական ինստիտուտներից օբյեկտիվ գնահատական, ապա ինչո՞ւ չեք սպասում օբյեկտիվ գնահատական այն պերսոնաժից, որն անընդմեջ գալիս պառկում էր՝ Վարդգես Գասպարին»,- ասել է նա:

Միքայել Մինասյանը նշել է, որ հիմա Վարդգես Գասպարին չի պառկում, բայց պաշտպանում է ԱԱԾ-ին։ Մինասյանի խոսքով՝ մենք միակ երկիրն ենք, որ դրամաշնորհ ստացողը ժողովրդավարության համար 20 տարի պայքարել է ԱԱԾ-ի դեմ, հիմա պայքարում է ԱԱԾ-ի համար, որովհետև ռեալ պոլիտիկում չկան արժեքներ, և արևմտյան արժեքները լավ են, եթե չկա ռեալ պոլիտիկ։

«Իսկ եթե ավելի լուրջ և խորը, ես չեմ կարծում, որ արևմտյան արժեքներն ինչ-որ կոնկրետ երկրներին են վերբերում, ոչ, արևմտյան արժեքները նույն քրիստոնեական արժեքներն են, որոնց հիմքում ժողովրդավարությունն է, արժեքային համակարգը և մարդու իրավունքներ»,֊ ասել է Մինասյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում