Արթուր Դանիելյան. Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման, բացառված չէ, որ ստիպված դիմադրություն ցույց տանք

Արթուր Դանիելյան. Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման, բացառված չէ, որ ստիպված դիմադրություն ցույց տանք

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒLԻՍԻ, Panorama.am: «Մի փոքր անակնկալի եկա, չէի սպասում, որ ոստիկանները նման գործողությունների կդիմեն։ Ինձ թվում է, որ երկրում, որտեղ իշխանությունը իբր թե 85 տոկոս վարկանիշ ունի, Նարեկ Մալյանի միանձյա ակցիայից չպետք է վախենան»,– լրագրողներին ասաց «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը, որը ոստիկանության Արտաշատի բաժնի դիմաց է, որտեղ բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին և այլ ակտիվիստների, որոնք պետք է մասնակցեին ավտոերթի։

Ըստ նրա, Ն.Մալյանը որևէ կարգ, պարետի որևէ որոշում չի խախտել։ Նրա գնահատմամբ, հերթական ապօրինի բերման ենթարկելն է, «ըստ էության առևանգում է»։

Նա հայտնեց, որ բերման ենթարկեցին նաև ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանին։

«Ընդ որում թիրախային, գնացին ու հենց իրեն մեղադրեցին, որ իբրև սոցիալական հեռավարություն չի պահում։ Ընդ որում, 30 հոգի մարդ կար կանգնած։ Ակնհայտ է, որ իշխանություններն ինչ-որ գործողություն են իրականցնում, ինչ-որ բանից երևի վախեցած են»,- ասաց Ա. Դանիելյանը։

Նա նշեց, որ սպասում են մինչև Նարեկ Մալյանը դուրս գա ու տեսնեն, թե ինչ է որոշում։

«Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման, բացառված չէ, որ մենք ստիպված դիմադրություն ցույց տանք։ Ակնհայտ է, որ քաղաքական դրդապատճառներով մարդկանց փողոցից վերցնում ու բերման են ենթարկում»,– ասաց Ա.Դանիելյանը։

Հիշեցնենք՝ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնել էր, որ այսօր ժամը 11:00-ին սկսելու է Խոր Վիրապ-Երևան ավտոերթ՝ կեղծ արտակարգ դրության դեմ, «որի ժամանակ արգելվում է միայն հանրահավաքները և թուլացնելով հանրային դիմադրությունը՝ ոչ իրավաչափ օրենքներ, պղծություններ տարածող կոնվենցիաներ են ընդունվում և վավերացվում»։

Սակայն ավտոերթի մեկնարկից առաջ Մալյանը և մյուս մասնակիցները բերման են ենթարկվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում