ՌԴ ԱԳՆ-ն իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ-ն իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: ՌԴ արտգործնախարարությունը հուլիսի 13-ին իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հետևել հրադադարի ռեժիմին:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լուրջ անհանգստություն է հայտնում այս տարվա հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ: Մենք անընդունելի ենք համարում հետագա սրացումը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,– ասված է ՌԴ ԱԳՆ կայքում տարածված հաղորդագրության մեջ:

«Իր կողմից Ռուսաստանի արտգործնախարարությունը պատրաստ է անհրաժեշտ օգնություն տրամադրել իրավիճակի կայունացման գործում»,-հավելել են ՌԴ ԱԳՆ-ում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածության պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հուլիսի 13-ին ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնել անցկացնել:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Նախարար Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում