Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին

Դեռևս մեկ շաբաթ առաջ Ալիևը խոսել էր բանակցությունների ոչ էֆեկտիվ լինելու մասին. Տ. Աբրահամյանը՝ ադրբեջանական սադրանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Ադրբեջանական ագրեսիայի պատճառահետևանքային կապն առաջին հերթին պետք է փնտրել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակում, դրա վերջնակետը մեկ շաբաթ առաջ դրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երբ խոսում էր ֆորմատի և առհասարակ բանակցությունների, քննարկումների ոչ էֆեկտիվ լինելու մասին՝ նաև ուղիղ ձևով քննադատելով միջնորդների աշխատանքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիր է լուծում Արդբեջանը՝ սահմանին սադրանքի դիմելով:

«Դա, ըստ էության, դեռևս այս իրադարձություններից մեկ շաբաթ առաջ անոնս էր Ալիևի կողմից, որ իրադարձությունները, զարգացումներն առաջիկայում բանակցային գործընթացից տեղափոխվելու են առաջնագիծ: Այսինքն՝ Ադրբեջանն ուղիղ տեքստով ակնարկել էր, որ իրենք պատրաստվում են ակտիվանալ առաջնագծում, իսկ, թե դա Տավուշում կլիներ, Նախիջևանի թե Արցախի ուղղությամբ, էական չէր, Ադրբեջանն այս փուլում խնդիր էր դրել ակտիվանալ առաջնագծում և ակտիվացել է»,- շեշտեց նա:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր այս գործողություններով իրականում մեծ խնդիրներ լուծելու նպատակ չունի: «Իր երկրի ներսում տարբեր իրավիճակներով պայմանավորված ունի կուտակված հիմնահարցեր. փետրվարին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո առաջացած լարվածություն, և համաճարակով ստեղծված սոցիալ-տնտեսական տարբեր դրսևորումներ, բացի այդ հատկապես վերջին երկու տարվա ընթացքում անընդհատ խոսվել է՝ հնարավորություն կա բանակցային գործընթացում բեկումի հասնելու և այդ մեսիջն անընդհատ փոխանցվել է ոչ միայն արտաքին լսարանին, այլ բնականաբար նաև ներքին լսարանին:

Մեծ սպասումներ է առաջացել և այս իրավիճակում իր այս քաղաքականությամբ ինքն իրեն գցել է փակուղու մեջ և ստիպված գնում է կիսաքայլերի՝ փորձելով ցույց տալ, թե վճռական է հարցի կարգավորմանը հասնելու ուղղությամբ»,– հայտարարեց նա:

Հարցին՝ հայկական զինված ուժերը առավելություն ունեն հակառակորդի նկատմամբ, դրանով պայմանավորված՝ Ադրբեջանը կկասեցնի՞ գործողությունները, սադրանքը, թե՞ կշարունակի դրանք ինչ-որ առավելության հասնելու համար, Աբրահամյանը պատասխանեց. «Եթե նույնիսկ մի ուղղությամբ նրանք դադարեցնեն, ապա կարող են որոշակի ժամանակ հետո դրսևորումներ ունենալ նաև սահմանի մեկ այլ ուղղությամբ, որովհետև այս փուլում Ադրբեջանը որպես առաջնահերթություն իր համար դրել է սահմանային ակտիվությունը և եթե նույնիսկ այս ուղղությամբ համարի, որ իր խնդիրը որոշակիորեն շտկել է, միևնույնն է որոշ ժամանակ հետո դա տեղափոխվելու է այլ ուղղություն»:

Աբրահամյանը նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել նրան, որ ոչ միայն դիրքային պատերազմ է, այլ Ադրբեջանը անցել է կարմիր գծեր և արդեն խաղաղ բնակավայրերի ուղղությամբ է կրակ բացում: Նրա խոսքով՝ սրանով էլ պայմանավորված արդեն ոչ ստանդարտ լուծումների ժամանակահատված է և բնակավայրին հասցված այդ հարվածները այս ամբողջ գործընթացում նոր իրավիճակ են ստեղծում:

Իսկ թե ինչու հակառակորդը սարդանքի գնաց հենց հայ-ադրբեջանական սահմանին, Աբրահամյանը հիշեցրեց, որ 2014-16-ին էլ Տավուշում եղան դիվերսիոն հետախուզական խմբերի ակտիվացումներ և հատկապես 2015-ի սեպտեմբերին խաղաղ բնակավայրերի խոցումներ, թիրախավորումներ:

«2015-ի սեպտեմբերին երկու խաղաղ բնակիչ զոհվեց Տավուշի ուղղությամբ. այսինքն՝ սա նորություն չէ, Ադրբեջանի մարտավարության մեջ սա տարբեր փուլերում կիրառվել է, սակայն դա չի խանգարել Արդբեջանին ակտիվանալ Հայաստանի սահմանին, բայց ռազմական առավել լայնամասշտաբ գործողություններ սկսել Արցախի ուղղությամբ: Այսինքն, Տավուշի վրա կենտրոնացումը դեռ չի նշանակում, որ ընդհանուր ճակատը կամ գլխավոր ուղղությունը փոխվել է»,– ասաց նա:

Հարցին՝ հակառակորդը կգնա՞ լայնամասշտաբ գործողությունների, նա պատասխանեց, որ մի շարք իրավիճակներից է դա կախված: «Իհարկե, որևէ ձևով բացառել չենք կարող, սակայն դեռ որոշակի ժամանակ է պետք լիովին հասկանալու համար, թե Ադրբեջանը տակտիկական ինչ փոփոխությունների կգնա: Պայմանավորված է նրանով, թե սա ինչ ազդեցություն կունենա իր երկրի ներսում, ինչ իր առջև դրած հնարավոր արդյունքի կարող է հասնել Ադրբեջանը, և երրորդ կարևոր կոմպոնենտն այն է, թե իրականում միջազգային հանրության արձագանքը ինչ ձևով կարտահայտվի:

Այսինքն՝ դեռևս կան որոշ գործոններ, որոնք որոշակի՝ թեկուզև կարճ ժամանակ են պահանջում շատ ավելի կոնկրետ խոսելու համար, թե որ ուղղությամբ կգնան այդ զարգացումները»,- ընդգծեց նա:

Ամեն դեպքում, ըստ Աբրահամյանի, հայկական Զինված ուժերը Ադրբեջանի գործողությունները մշտապես պահում են իրենց կանխատեսելիության դաշտում: «Ճակատում առկա իրավիճակը ցույց է տալիս, որ հայկական Զինված ուժերն իր խնդիրը փայլուն կատարել է, և, բնականաբար, Զինված ուժերն ունեն տարբեր սցենարների զարգացման իրենց մոտեցումները և ցանկացած պարագայում իրենց խնդիրը լուծելու են»,- ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում