Դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից ամենուրեք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից ամենուրեք է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒLԻՍԻ, Tert.amՓաշինյանն իշխանության եկավ հանրային աջակցության ռեսուրս գեներացնելով, այդպես էլ կորցնելու է իշխանությունը. նա հերթով զավթում է իշխանության բոլոր ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր, հիմա էլ դատական, մասնավորապես՝ ՍԴ-ի հերթն է, բայց երբ դրա տակ չկա սոցիալ-տնտեսական հստակ քաղաքականություն, իշխանությունն արագ կորցնում է հանրային աջակցությունը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Փաշինյանը չի կարողանում մարդկանց ակնկալիքները բավարարել: Կորոնավիրուսը միայն ինդիկատոր էր, որ նախկին տնտեսական հարացույցը չի աշխատելու: Այո՛, վարչապետն այսօր ունի անձնական հավատարմության սկզբունքով նշանակված ոստիկանապետ և ԱԱԾ տնօրեն: Բայց Փաշինյանի հանրային վարկանիշն ընկնում է շատ ավելի արագ ու տեսանելի, քան համալրվում են ՀՀԿ շարքերը: Իշխանազավթումից հետո մեր զգոնությունը բթացել էր, մոռացել էինք, որ մեր հարևաններն ուզում են մեզ ոչնչացնել»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Աշոտյանի՝ Խորհրդարանում իշխանության և ընդդիմության ջրբաժանը վերջին սահմանադրական փոփոխությունն էր, և ԼՀԿ-ի՝ ստորագրահավաքին չմիանալն անդառնալիության կետն էր. «2018-ի ապրիլից սկսած՝ Փաշինյանը պարբերաբար խախտում է Սահմանադրությունը՝ հարձակում ԱԺ-ի վրա, դատարանների մուտքերի շրջափակում, և այլն: Սահմանադրության հոշոտումը սկսվել է այդ ժամանակ, սա ընդամենը հերթական փուլերից մեկն է»:

ՀՀԿ փոխնախագահի կարծիքով՝ Փաշինյանը Սահմանադրությունն իրենով է արել, հիմա էլ չի թողնում, որ մարդիկ փողոց դուրս գան՝ իբր առողջապահական պատրվակով. «Ի՞նչ է անում պարետատունը, դիմակի ֆետիշացո՞ւմ:

Առողջապահական ստրատեգիան բարեհաջող տապալվել է, դիմակն ընդամենը Փաշինյանի իրական քաղաքական մտադրությունների դեկորացիան է: Այս ընթացքում նա անցկացրել է բազմաթիվ վիճահարույց օրենքներ ու կոնվենցիաներ: Արտակարգ դրության ռեժիմը հայտարարվել է քաղաքացիների բերանն ուղղակի և փոխաբերական իմաստով փախելու համար»:

Արմեն Աշոտյանի պնդմամբ՝ դժգոհությունը Նիկոլ Փաշինյանից ամենուրեք է, և բացի պաշտոնավորներից ու կեղծ լիբերալներից՝ մյուսների շրջանում եփվում է քաղաքական դժգոհություն, որը կարող է էվոլյուցիա ապրել և սոցիալ-տնտեսական բնույթից փոխակերպվել քաղաքականի. «Հիասթափված մարդկանց սեգմենտը դեռևս չի կողմնորոշվել իր քաղաքական հաջորդ նախընտրությունների մեջ: Ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունն այսօր չունեն հիմնարար վարկանիշ: Մենք դժվարությամբ ենք գեներացնում քաղաքական էլիտա, դա իմքայլական բուծարանը չէ, որ ում ասես՝ պատգամավոր դարձնես»:

«Փաշինյանը ներկայանում էր որպես մեսիա, պարզվեց՝ շարքային քաղաքական խարդախ է: Որքան ապիկար է պետք լինել համաժողովրդական հրճվանքը մսխելու համար: Հեղափոխությունն ունեցել է իր հետնախորշերը՝ դագաղները, հայհոյանքները և այլն: Փաշինյանն իրենից հետո մեծ հիասթափություն է թողնելու: Այսօր նա մի քանի անգամ ավելի շատ անում է այն ամենը, ինչում մեղադրում էր մեզ, տեսեք, թե իշխանափոխությունից հետո ինչեր են բացվելու»,- ամփոփել է ՀՀԿ փոխնախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում