«Փաստ». Զբոսաշրջության, զվարճությունների ու հանրային սննդի ոլորտները շարունակելու են վնասներ կրել

«Փաստ». Զբոսաշրջության, զվարճությունների ու հանրային սննդի ոլորտները շարունակելու են վնասներ կրել

«Կորոնավիրուսի համավարակի հետևանքով էական և երկարաժամկետ փոփոխություններ են նկատվում ինչպես մարդկանց վարվելակերպում, այնպես էլ համաշխարհային տնտեսության կառուցակարգում։ Չնայած դեռևս դժվար է կանխատեսել, թե համավարակը երբ կսկսի նահանջել, այնուամենայնիվ, պարզ է, որ երկրների և մարդկանց միջև շփումների սահմանափակումները դեռ երկար ժամանակ պահպանվելու են։

Ըստ այդմ, այնպիսի ոլորտներ, ինչպես զբոսաշրջությունը, զվարճություններն ու հանրային սնունդը, շարունակելու են վնասներ կրել և տևական ժամանակ ի վիճակի չեն լինելու վերադառնալ նախաճգնաժամային մակարդակին։ Սակայն ամենալուրջ հարցերից մեկը այն է, որ տարբեր երկրների կողմից առաջ քաշվող սահմանափակումների և օդային հաղորդակցությունների ու ցամաքային բեռնափոխադրումների իրականացման դժվարությունների արդյունքում լուրջ խնդիրներ կարող են առաջ գալ սննդի մատակարարման շղթաների անխափան աշխատանքի համար։

Եվ այստեղ բարձրանում է պարենային անվտանգության հարցի նշանակությունը, հատկապես, որ բացառված չէ՝ առանձին երկրներ անգամ դադարեցնեն որոշ պարենային ապրանքների արտահանումը կամ մատակարարումը՝ փորձելով դրանով լուծել սեփական բնակչությանը պարենով ապահովելու խնդիրը։

Պատահական չէ, որ փորձագետները կարծում են, թե առաջիկա տարիներին բնակչությանն առողջ սննդի մատակարարման խնդիրը դառնալու է պետությունների գերակայություններից մեկը:

Եվ հաշվի առնելով, որ Հայաստանը երկու թշնամական հարևանների կողմից գտնվում է շրջափակման մեջ և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության խնդիր ունի, ապա պարենային անվտանգության խնդիրը մեզ համար լրացուցիչ հրատապություն է ստանում։

Իսկ այս հարցը կարելի է լուծել միայն գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու միջոցով։

Բացի այդ, գյուղատնտեսությունը մեր երկրի համար կարևոր սոցիալական և տնտեսական բաղադրիչ է, քանի որ գյուղատնտեսությամբ զբաղված է մեր բնակչության մեկ երրորդը, իսկ ՀՆԱ-ի 20-23 տոկոսը բաժին է ընկնում հենց այս ոլորտին:

Սակայն պետք է նկատի ունենալ, որ 2016 թ. սկսած՝ մեր գյուղատնտեսության ոլորտն անկում է գրանցում, իսկ 2019 թվականին անկումը կազմեց մոտ 4 տոկոս, ինչն իր ազդեցությունն է թողնում նաև այս տարվա ցուցանիշների վրա։

Եվ ընդհանրապես, անկախ առկա իրավիճակից, գյուղոլորտը միշտ էլ հատուկ ուշադրության կարիք է զգացել, սակայն մեզանում տնտեսական գործունեության այս ուղղությունը դեռևս անհրաժեշտ չափով չի կարևորվում։ Դրանով է պայմանավորված, որ նախորդ տարվա ընթացքում կառավարությունը որոշեց, որ մեզ գյուղոլորտը համակարգող մասնագիտացված կառույց համարվող գյուղատնտեսության նախարարությունը պետք չէ։

Իսկ ներկայիս ճգնաժամային փուլում գյուղատնտեսության զարգացումը առավել քան երբևէ հատուկ աջակցության կարիք ունի։ Իշխանություններն անգամ հայտարարում էին, թե սկսված ճգնաժամը հնարավորություն է ստեղծում գյուղատնտեսությունը ստեղծված վիճակից հանելու համար։ Այդ նպատակով նրանք նախաձեռնեցին գյուղացիական տնտեսություններին անտոկոս վարկերի տրամադրման ծրագիրը։

Սակայն բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ այդպես էլ չկարողացան օգտվել այդ օժանդակությունից։ Անտոկոս վարկ ստանալու նպատակով ներկայացված հայտերի գրեթե 60 տոկոսը չի բավարարվել։ Եվ պատահական չէ, որ գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրի հետ կապված՝ գյուղացիների մոտ դժգոհություններ կան»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում