Բողոքի ակցիա՝ Երևանում Ուկրաինայի դեսպանության մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բողոքի ակցիա՝ Երևանում Ուկրաինայի դեսպանության մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, Tert.amՀայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական ու ուսանողական միության անդամները բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան դիմաց: Ակցիայի անցկացման պատճառն էր Ուկրաինայի տարածած հայտարարությունը՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրած սադրանքի հետ:

ՀՅԴ ուսանողական միության անդամ Գոռ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Ինչպես գիտենք, արդեն մի քանի օր է՝ Ադրբեջանը պատերազմ է սկսել հայ-ադրբեջանական սահմանին և սահմանին տեղի են ունենում բախումներ: Մարդասպան Ադրբեջանը նորից ագռեսիա է դրսևորել, այս առիթով տարբեր պետությունների, տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից եղան հայտարարություններ, եղան պետություններ, որոնք հայտարարություն չտարածեցին, բայց մի պետություն՝ Ուկրաինան տարածեց մի հաղորդագրություն, որը տարածաշրջանում սրում է իրավիճակը:

Ուկրաինայի տարածած հայտարարությունը ջուր է լցնում մարդասպան Ադրբեջանի ջրաղացին, այդ հայտարարությունը միակողմանի էր՝ ի օգուտ ագրեսոր Ադրբեջանի»,- ասաց Գոռ Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ իրենք՝ որպես հայ երիտասարդներ, իրենց բողոքի ակցիան են իրականացնում ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան մոտ: «Դուք սեպ եք խրում Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների մեջ: Բոլորիս պարզ է դրա պատճառը, դրա հետևում կանգնած են մեծ ֆինանսներ, տարբեր, տարբեր շարժառիթներ: Մենք եկել ենք ձեզ փոխացեք ձեր եփած ճաշը, ձեր եփած բորշչը, ուզում ենք ասել՝ կերեք այդ բորշչը և սուս մնացեք»,- ասաց նա, ապա երիտասարդները ափսեներով բորշչ նետեցին դեսպանատան ուղղությամբ:

Նրանք վանկարկեցին «Ուկրաինա, մի՛ սադրի», «Մի աջակցիր, ագրեսորին», «Ադրբեջանն ագրեսոր է»:

Գոռ Սարգսյանը նշեց, որ իրենց այս գործողությունը շատ մեղմ է Ուկրաինայի տարածած հայտարարության դիմաց: «Կոչ ենք անում Ուկրաինային, ՀՀ-ում գտնվող Ուկրաինայի դեսպանին փոխանցել իր երկրի իշխանություններին չխառնվել այս հարցին, պետք չէ: Ձեր բիզնես շահերը Ադրբեջանի հետ մի քաղաքականացրեք, դուք մի խառնվեք այս կոնֆլիկտին»,- ասաց նա:

Գոռ Սարգսյանը հավելեց, որ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով նման միջոցառումների անցկացումը երկար չի կարող տևել, ուստի իրենք էլ երկար չեն կարող ակցիան շարունակել և ավելի երկար բացատրել Ուկրաինային: Երիտասարդները իրենց հետ բերած պաստառները թողեցին դեսպանատան առջև և հեռացան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում