Տավուշ տեքստիլի և կոնյակի գործարանի հրետակոծությունը խիստ դատապարտելի է. Արման Թաթոյան

Տավուշ տեքստիլի և կոնյակի գործարանի հրետակոծությունը խիստ դատապարտելի է. Արման Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒLԻՍԻ, Analitik.am: Առաջին օրվա հրետանային գնդակոծությունները Մովսես գյուղի անմիջական հարևանությամբ էր, ինչն ակնհայտ վտանգ էր քաղաքացիական բնակչության կյանքի համար։ Այս մասին այսօր Իջևանում կայացած ճեպազրույցի ընթացքում նշեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը։

«Հուլիսի 12-ից սկսած ժամը 23-ից, երբ ակտիվ հրետանակոծումներ սկսվեցին Տավուշի մարզի ուղղությամբ, մեր աշխատակազմը ստացավ բողոքներ և ահազանգեր, քանի որ մենք սերտ կապի մեջ ենք քաղաքացիական բնակչության հետ և կապ ենք պահպանում պաշտպանույան նախարարության հետ: Պաշտպանության նախարարության հետ արդյունավետ համագործակցություն է ստեղծվել, որը թույլ է տալիս արագ օպերատիվ կապ հաստատել, քանի որ մեր աշխատանքների առաջնային ուղղություններից է զինծառայողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը»,- նշեց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ հուլիսի 13,14-ին, երբ հրետակոծվում էին Բերդ, Չինարի, Այգեպար և այլ գյուղեր, ՄԻՊ-ի կողմից արագ այց է եղել: Նրա խոսքով՝ այդ այցելությունները բացառապես իրավապաշտպան սկզբունքներով են եղել և ուղղված են եղել բնակչության իրավունքների և խնդիրների արձանագրմանը:

«Քննարկում է եղել Տավուշի մարզպետի հետ, այցելել ենք նախևառաջ Բերդ քաղաք, քանի որ հրետակոծվել էր Տավուշ տեքստիլի և Երևանի կոնյակի գործարանի մասնաճյուղի ուղղությամբ: Սա խիստ դատապարտելի է, քանի որ Տավուշ տեսքտիլը արտադրում է դիմակներ և կորոնավիրուսի պայմաններում բնականաբար միջազգային մարդասիրական իրավունքի խախտման մասին է խոսքը գնում»,- նշեց նա:

Ըստ նրա՝ դա հիմք է տալիս ենթադրելու, որ ադրբեջանական կողմը իմացել է, որ կա առողջապահական նպատակներով դիմակներ արտադրող ընկերություն: «Հրետանակոծությունները իրականացվել են ցերեկային ժամին, այդ ժամին եղել են աշխատողներ, այսինքն խոսքը գնում է թիրախային վնաս հասցնելու մասին»,- նշել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում