«Փաստ». Մին­չև հա­մա­ճա­րա­կի հետ կապ­ված իրա­վի­ճա­կը չշտկվի, տնտե­սու­թյան մեջ մեծ առա­ջըն­թաց սպա­սե­լը դժվար է

«Փաստ». Մին­չև հա­մա­ճա­րա­կի հետ կապ­ված իրա­վի­ճա­կը չշտկվի, տնտե­սու­թյան մեջ մեծ առա­ջըն­թաց սպա­սե­լը դժվար է

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսական ճգնաժամի, տնտեսության շարունակական անկման ֆոնին «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն այս փուլի համար մի քանի խնդիր է առանձնացնում, որոնցից առաջնայինը հարկային քաղաքականության վերանայումն է:

Մինչ այդ ընդգծում է. «Երբ հայտարարվեց համաճարակով պայմանավորված արտակարգ դրության մասին, շատ ձեռնարկություններ դադարեցրին իրենց գործունեությունը, շատ աշխատողներ մնացին տանն այն հույսով, որ դա ժամանակավոր է: Բայց, ցավոք, այս ամենը շատ ավելի երկար բնույթ ստացավ:

Մարդկանց տուն ուղարկեցին, արտակարգ դրություն հայտարարվեց, հետո մի քանի անգավ երկարաձգվեց, բայց, ըստ էության, կիրառված գործիքներն անարդյունավետ էին: Դրանք մի կողմից՝ արդյունք չտվեցին, մյուս կողմից՝ տնտեսությանը հասցված վնասներն ավելի մեծ էին, քան կարող էին լինել: Մեծ հաշվով, տնտեսությունը տուժեց, իսկ սահմանափակումների իմաստն ամբողջությամբ կորավ:

Ճիշտ է, առհասարակ աշխարհի բոլոր երկրներում է տնտեսությունը տուժել, որոշ երկրներ ավելի պակաս, որոշներն էլ ավելի մեծ կորուստներ ունեցան, բայց մեր պարագայում իրավիճակն այլ է՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ծավալների ու հնարավորությունների խնդիրը:

Մեր տնտեսությունն առանց այն էլ շատ բարվոք վիճակում չէր: Եվ եթե մինչ համաճարակը գոյատևում էր, ինչ-որ ձևով կարողանում էր առաջ շարժվել, ապա հիմա կաթվածահար վիճակում է, և ունենք այն, ինչ ունենք: Համաճարակի հետևանքով մեր տնտեսությունը զգալիորեն հետ ընկավ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց ՀԿ նախագահը:

Նա շեշտեց, որ շատ ոլորտներ տուժեցին սահմանափակումների տեսանկյունից: Այս առումով մեր զրուցակիցը համաճարակի տարածումը կանխելու քայլերի տրամաբանության խնդիրն է առանձնացնում, ինչը, ըստ նրա, իր հետքն է թողել նաև տնտեսության վրա:

«Ոչ այդքան տրամաբանական քայլերի պատճառով տասնյակ հազարավոր վարակվածների հանգամանքը հարված է նաև մեր երկրի տնտեսությանը: Ավելի մեծ վնասներ եղան, քան այն օգուտն էր, որը ակնկալվում էր: Օրինակ՝ սրճարանները բացվեցին, որ տնտեսվարողները չտուժեն: Այդ իմաստով, միգուցե, լավ է, տնտեսվարողները չեն տուժի, բայց այլ խնդիր կա:

4STOPPED
Հիմա փողոցում չեն թույլատրում առանց դիմակի քայլել, բայց սրճարանում, օրինակ՝ սուրճ խմել, 4-5 հոգով հավաքվել ու առանց դիմակի նստել կարելի է: Սա անհեթեթություն է. եթե մի բան արգելվում է, մյուսն էլ պետք է արգելվի: Նման որոշումներն են հանգեցրել այսօր գոյություն ունեցող ու խորացող խնդիրներին»,ասաց նա:

Կ. Չիլինգարյանի դիտարկմամբ, բոլոր ոլորտներում առկա խնդիրներն իրենց շղթայական ազդեցությունն են ունենում:

«Այսօր տնտեսական խնդիրները խորացել են, մեզ մոտ նաև ներդրումներն են պակասել: Ոչ մի ներդրող ռիսկի չի դիմի, մեծ ներդրումներ չի անի մի երկրում, որտեղ չգիտեն, թե ինչ է լինելու: Դրան գումարենք նաև պատերազմական վիճակը, ինչն իր հերթին ևս խնդիրներ է առաջացնում: Այս պահին նաև արտադրության որոշակի նվազում է նկատվում, մեր քաղաքացիների եկամուտներն են նվազել, ինչի հետևանքով նաև առևտուրն է պակասել: Բոլոր ճյուղերը փոխկապակցված են, և, մեծ հաշվով, մինչև համաճարակի հետ կապված իրավիճակը չշտկվի, տնտեսության մեջ մեծ առաջընթաց սպասելը դժվար է: Խնդիրն այն է, որ շատ մասնագետներ ունենք, որոնք իրավիճակով պայմանավորված առաջարկներ են ներկայացնում, բայց, ցավոք, շատերին չեն էլ լսում:

Կառավարությունը պետք է պարզապես ինչոր կերպ թեթևացնի տնտեսվարողների հոգսերը»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով հարկային քաղաքականության վերանայման անհրաժեշտության մասին:

«Եթե համեմատում ենք այլ երկրների հետ, տեսնում ենք, որ մեզ մոտ հարկային քաղաքականությունն ավելի կոշտ է, հարկերը՝ բարձր: Հարկային օրենսդրությունը պետք է արդիականացվի, հարկային քաղաքականությունն ինչ-որ ձևով պետք է մեղմվի, որպեսզի հատկապես այս փուլում տնտեսվարողները կարողանան գոյատևել և իրենց բիզնեսները ոչ թե փակել, այլ գոնե առաջ տանել:

Ե՛վ պետք է աջակցել բիզնեսին, և՛ հարկային դաշտը մեղմացնել: Մեզ մոտ «խուճուճ» օրենքների խնդիր կա: Գործարարները շատ դեպքերում չգիտեն՝ ինչպես վարվեն, որ չտուժեն: Եթե անգամ օրինական դաշտում են աշխատում, շատերի մոտ խնդիր է առաջանում հենց բարդ օրենսդրության տեսանկյունից:

Իսկ հիմա այդ ամենին գումարվում է իրավիճակով պայմանավորված խնդիրը, կորուստները, որոնք տնտեսվարողները շարունակում են կրել, թեպետ ստիպված են նաև հարկեր վճարել՝ անգամ եթե եկամուտները գրեթե զրոյական են»,ընդգծեց ՀԿ նախագահը:

Ամփոփելով՝ Չիլինգարյանը շեշտեց. «Մինչև համաճարակի խնդիրը չկարգավորվի, մինչև ճանապարհներն ու սահմանները չբացվեն, չեմ կարծում, թե հնարավոր է տնտեսության մեջ ինչ-որ դրական արդյունքի հասնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում