Թուրքիայի խորհրդարանի 4 խմբակցություններ համատեղ հակահայկական հայտարարությամբ իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին

Թուրքիայի խորհրդարանի 4 խմբակցություններ համատեղ հակահայկական հայտարարությամբ իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒLԻՍԻ, Tert.am: Թուրքիայի խորհրդարանի 4 խմբակցություններ` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցությունը, իշխանամետ «Ազգայնական շարժում» խմբակցությունը, երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող Ժողովրդահանրապետական կուսակցության խմբակցությունը և «Լավ» կուսակցության խմբակցությունը համատեղ հակահայկական հայտարարությամբ իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

Հայտարարության մեջ, որն ընթերցել է Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Սյուրեյա Սադի Բիլգիչը, ասվում է, թե «Թուրքիայի խորհրդարանը դատապարտում է Հայաստանի զինված ուժերի կոշտ հարձակումն Ադրբեջանի Թովուզի շրջանի վրա», և որ «Հայաստանը գտնվում է սխալ ուղու վրա»:

Իրենց հայտարարությամբ կուսակցությունները կոչ են արել միջազգային հանրությանը «արձագանքել Հայաստանի գործողություններին» և նշել են, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ստանա` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Հայտարարության վերջում թուրքական խմբակցությունները ցավակցություններ են ուղղել ադրբեջանցի ժողովրդին զոհերի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Անցած գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»,-գրել է մամուլի խոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում