Արա Աբրահամյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Արա Աբրահամյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ  քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒLԻՍԻ, Tert.amՌուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք Արա Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից:

Աբրահամյանը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են սահմանին առաջացած լարվածության վերաբերյալ հարցեր:

«Նախարարին տեղեկացրել եմ Ռուսաստանի հայերի միության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մասին ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների սկսվելու հետ ՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների առնչությամբ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Նախարարին ծանոթացրել եմ նաև այն աշխատանքների հետ, որոնք այս օրերին իրականացնում է Ռուսաստանի հայերի միությունը, այդ թվում` ուղղված Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգային հողի վրա կոնֆլիկտային դրսևորումները կանխելուն»,-գրել է Աբրահամյանը:

Ռուսաստանի հայերի միության նախագահի խոսքով` Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը, որպես երկիր, որը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմամբ, արդեն մի շարք քայլեր է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցման և իրավիճակի կայունացման համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Անցած գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»,-գրել է մամուլի խոսնակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում