ՀՀ-ի և ԱՀ-ի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը

ՀՀ-ի և ԱՀ-ի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒLԻՍԻ, Times.am: ԵԽԽՎ մոնիթորինգի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը, Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շենախը և Սըր Ռոջեր Գեյլը համատեղ հայտարարություն են տարածել՝ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել։

«Մենք չափազանց մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով եղած զոհերով»,- հայտարարել է ԵԽԽՎ մոնիթորինգի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը։

«Մենք հիշեցնում ենք երկու երկրներին, որ Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս նրանք ստանձնել են խաղաղությանը նպաստելու հանձնառություն։ Ուստի իրավիճակն ապաէսկալացման համար կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և ձեռնպահ մնալ հրահրիչ հռետորաբանությունից։

Մենք նաև կոչ ենք անում երկու երկրներին վերսկսել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ հուլիսի 15-ին համանախագահների կողմից նշված կարգով, ստեղծել մթնոլորտ, որը բարենպաստ է խաղաղ գործընթացի համար, բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ և թույլատրել ԵԱՀԿ դիտորդների վերադարձը տարածաշրջան»,– եզրափակել են նրանք:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Անցած գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»,- գրել է մամուլի խոսնակը:

Ավելի ուշ վերջինս հայտնել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում պահպանվում է հարաբերական կայուն իրադրություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում