«Հրապարակ». «Արաբոյի» Մանվելը հեռացել է ԵԿՄ փոխնախագահի պաշտոնից

«Հրապարակ». «Արաբոյի» Մանվելը հեռացել է ԵԿՄ փոխնախագահի պաշտոնից

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն այլևս ԵԿՄ վարչության փոխնախագահը չէ․ երեկ Եղիազարյանը մեր լրագրողին տված հարցազրույցից հետո ասել է, որ իրեն չներկայացնենք որպես ԵԿՄ վարչության փոխնախագահ։ Լրագրողի հարցին՝ Ձեզ հեռացրե՞լ են այդ պաշտոնից, Եղիազարյանն ասել է, որ ինքնակամ է հրաժարվել՝ դեռևս հունվարին, քանի որ չի կարողացել այդ պաշտոնում «օգտակար լինել» կառույցին, հիմա միայն ԵԿՄ շարքային անդամ է։ Նա հրաժարվել է այս թեմայով այլ հարցերի պատասխանել, մինչդեռ մենք որոնողական համակարգում երկար փնտրեցինք, բայց որևէ հայտարարություն կամ լուր չգտանք այն մասին, որ Եղիազարյանը հեռանում է փոխնախագահի պաշտոնից։

Ճիշտ հակառակը՝ վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում տված հարցազրույցներում ԶԼՄ-ները նրան ներկայացրել են որպես ԵԿՄ փոխնախագահ։ Մենք չկարողացանք ԵԿՄ-ից այս առիթով պարզաբանումներ ստանալ։ Հիշեցնենք, որ ընդամենը շաբաթներ առաջ լուր էինք հրապարակել, որ ԵԿՄ-ում ցանկանում են իրենց շարքերից հեռացնել Մանվել Եղիազարյանին և Ռուստամ Գասպարյանին, քանի որ երկուսն էլ հրապարակային հայտնել են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում