ՊԵԿ-ը հրապարակել է 2020 թ․ 1-ին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը

ՊԵԿ-ը հրապարակել է 2020 թ․ 1-ին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, Tert.amՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020 թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից, ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ 18 մլրդ 335 մլն դրամ քիչ։

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ:

2020 թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով՝ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 26 մլրդ 339 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «Գրանդ Տոբակոն» վճարած հարկերով 2-րդն էր՝ 28 մլրդ 280 մլն դրամ հարկով։ Ընկերության վճարած հարկերը 2019-ի համեմատ նվազել են ավելի քան 1․9 մլրդ դրամով։

2-րդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ 25 մլրդ 978 մլն դրամ վճարած հարկերով։ 2019 թ. առաջին կիսամյակում «Գազպրոմ Արմենիան» վճարել էր 3․1 մլրդ քիչ՝ 22 մլրդ 790 մլն դրամ։

«Գազպրոմ Արմենիային» հաջորդում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը, որը վճարել է 21 մլրդ 629 մլն դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» գլխավորում էր խոշոր հարկ վճարողների ցուցակը։ Ընկերության կողմից 2019 թ. առաջին կիսամյակում պետական բյուջե էր վճարվել 29.5 մլրդ դրամ։

4-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն է, որը 2020 թ. հունվար-հունիս ամիսներին վճարել է 12 մլրդ 771 մլն դրամ հարկ։ 2019 թ. առաջին կիսամյակում ընկերության մուտքերը 9 մլրդ 130 մլն դրամ էին։ 5-յակը եզրափակում է «ՍիփիԷս Օիլը»՝ 9 մլրդ 678 մլն դրամ հարկով։

«Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 6-րդն է՝ 9 մլրդ 571 մլն դրամով, որին հաջորդում են «Ֆլեշ» ընկերությունը՝ 8 մլրդ 11 մլն դրամ, «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ 6 մլրդ 946 մլն դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 6 մլրդ 936 մլն դրամ։ 1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը», որը 2020 թ. առաջին կիսամյակում վճարել է 6 մլրդ 889 մլն դրամ հարկ։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 3-ը ներկայացնում են էներգակիրների, 3-ը՝ ծխախոտագործության, 2-ը՝ հանքարդյունաբերության և մեկական ներկայացուցիչներով ներկայացված են էներգետիկայի և կապի ոլորտները։

2019թ. առաջին կիսամյակի տվյալների համեմատ` 2020թ. նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների տասնյակում չեն հայտնվել «Ակվիլոն թրեյդը» և «Արմենիա միջազգային օդանավակայանները»։ Նրանց փոխարեն տասնյակում տեղ են գտել «ՍիփիԷս Օիլը» և «ՄՏՍ Հայաստանը»։

2019 թ. 1000 խոշոր հարկատուների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում